Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարձր դատարան, այս ընտրությունները չեն արտահայտում հայ ժողովրդի իրական կամքը. ԿԸՀ այս որոշումը անվավեր է. Արամ Վարդևանյան

Բարձր դատարան, այս ընտրությունները չեն արտահայտում հայ ժողովրդի իրական կամքը. ԿԸՀ այս որոշումը անվավեր է. Արամ Վարդևանյան
Իրավունք
12:18, 14 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 14-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը իր եզրափակիչ խոսքում հայտարարեց. «Բարձր դատարանը միակ դատարանն է, որ կարող է բացահայտել այս ընտրությունների ամբողջ կոնտեքստը: Այնպես ստացվեց, որ այս ընտրությունների կոնտեքստի մեջ առանցքային դերակատարում ունի 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը, ՀՀ քաղաքացիները անվտանգ չեն, մեր սահմանները անառիկ չեն: Մենք նման խնդիր երբևէ չենք ունեցել»:

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետը վերածվել է միապետի, ով նույնիսկ ՀՀ նախագահի լիազորությունն է յուրացնում, այդ թվում՝ ճնշման միջոցով:

Խոսելով հրաժարականից հետո որպես վարչապետ պաշտոնավարումը շարունակելու մասին, Արամ Վարդևանյանի կարծիքով՝ դրա նպատակն էր վարչական ռեսուրսի չարաշահումը, արհեստականորեն մրցակցային առավելության ստացումը. «Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը նշանակում էր հրաժարական: Իսկ վարչապետը տալիս է հրաժարական, սակայն խախտելով Սահմանադրությունը՝ շարունակում է պաշտոնավարել»:

Նա նշեց, որ նախընտրական քարոզարշավի կարևոր փուլում միլիարդավոր դրամներ վերադարձվեցին իրավաբանական անձանց. «Այդտեղ ոչ մի պատահականություն չկար»:

ՍԴ դատավորներից մեկի նախօրեին հնչեցված հարցին, թե որտեղ են այն 300 հազար ընտրողները, որ կային 2017 թվականին, Արամ Վարդևանյանը վարկած առաջ քաշեց. «Իսկ միգուցե այն 300 հազարը, լսելով, որ ասֆալտին են փռելու, մատներ են կտրելու, որ արյան վրեժ են անելու, ուղղակի վախենո՞ւմ են: Ինչի՞,  դա բնական արձագանք չէ՞»: 

«ՍԴ-ն սպառեց բոլոր հնարավոր միջոցները՝ պարզելու, թե 109 հազար անձանց չաշխատող անձնագրերը վերաբերում են մարդկանց, որոնք գտնվում են ՀՀ-ո՞ւմ, թե՞ ՀՀ-ից դուրս. չփարատվեց կասկածը: Այս հարցը առկախված էլ մնալու է, և մենք պնդելու ենք, որ այս ընտրությունների արդյունքները խեղաթյուրվել են... Ընտրական սկզբունքների վրա հենվելով՝ Բարձր դատարանը միանշանակ կարող է արձանագրել, որ այս ընտրությունները չեն, որ հայ ժողովրդի կամքի իրական արտահայտման ձևն են»:

«Բարձր դատարան, միակուսակցությունը, միակուսակցական կառավարումը չի թակում Հայաստանի պետականության դռները: Վերջին 3 տարիները մեկ ուժի կամքի որոշման տարիներն են եղել: ՀՀ Սահմանադրությունը միապետության մասին չէ: Սահմանադրության 4-րդ հոդվածը՝ զսպումների և հակակշիռների վերաբերյալ երաշխիքները, ժողովրդավարության սկզբունքը թե վերջին 3 տարիներին, թե հիմա ոչ թե վտանգված են, այլ փաստացի տապալված, և Բարձր դատարանը կարող է այս վիճակը վերականգնել»,- ընդգծեց նա:

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը եզրափակեց. «ԿԸՀ այս որոշումը անվավեր է, դրանից բխող հետևանքները կորոշի Բարձր դատարանը»: