Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղարքունիքի մարզից ձերբակալված 26 ձկնորսներից մեկը կալանավորվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել

Գեղարքունիքի մարզից ձերբակալված 26 ձկնորսներից մեկը կալանավորվել է․ նրան մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
16:33, 25 декабрь 2023
Դեկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզում ջրային պարեկների և «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցների վրա հարձակված, ապա  ոստիկանական հատուկ օպերացիայի ժամանակ ձերբակալված 26 ձկնորսներից մեկը կալանավորվել է։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մյուս ձերբակալված ձկնորսներն ազատ են արձակվել և միայն 1 հոգու է մեղադրանք ներկայացվել։ Ըստ այդմ` նրան ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։

Ըստ Քննչական կոմիտեի՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12:40-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն էին իրականացրել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց էին մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել էին հայհոյանքներ, սպառնացել հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել էին բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել էր բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 

Նավակներով մոտեցած անձինք շարունակել էին ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել էր «Սևան ազգային պարկ»-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Մարմնական վնասվածք էին ստացել պարկի 10 աշխատակիցներ։ 

Հանցավոր արարքներ կատարելու համար անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին էր ներկայացվել 26 անձ։