Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրեական հեղինակությանը դիմելու և շորթման գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ. ՔԿ

Քրեական հեղինակությանը դիմելու և շորթման գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ. ՔԿ
Իրավունք
15:31, 23 март 2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Երևան քաղաքի 43-ամյա բնակչին պատկանող հողատարածքը անվանափոխելու հարցի հետ կապված քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին դիմելու, շորթման դեպքերի մի շարք հանգամանքներ։
 
Քննչական կոմիտեից հայտնում են՝ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում, մասնավորապես փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 47-ամյա բնակիչը անօրինական կերպով շինություն է կառուցել Երևանի 43-ամյա բնակչին պատկանող հողատարածքում և պնդել, որ հիշյալ հողատարածքը գրանցվի իր անվամբ, ինչին վերջինս չի համաձայնել։
 
Նշված հարցի հետ կապված՝ 47-ամյա տղամարդը օժանդակության խնդրանքով դիմել է քրեական ենթամշակույթ կրող հայտնի անձի։ Վերջինիս, ինչպես նաև մի խումբ անձանց հետ նա գնացել է վերոնշյալ հողատարածք և կրկին պահանջել անվանափոխել հիշյալ տարածքը։
 
Այնուհետև 47-ամյա տղամարդը կնոջ եղբոր՝ 50-ամյա տղամարդու հետ, հիշյալ հողատարածքում հանդիպել է 43-ամյա քաղաքացու եղբորը, սպառնալիքներ հնչեցրել նրանց հասցեին, որից հետո զանգահարել են քրեական ենթամշակույթի կրող հայտնի նույն անձին, որը ևս սպառնացել է եղբայրներին։
 
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ քրեական ենթամշակույթ կրող անձը հանդիսանում է քրեական հեղինակություն և օգտագործելով իր քրեական հեղինակությունը՝ գործում և կայացնում է որոշումներ՝ պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրականացման իրավաչափ ձևերին չհամապատասխանող, իր սահմանած և ճանաչած վարքագծի կանոններով։
 
Քրեական վարույթի շրջանակներում 43-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, զննության են ենթարկվել վերջինիս կողմից ներկայացված տեսագրությունները։
 
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ քրեական ենթամշակույթի կրող հայտնի անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 47-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, իսկ վերջինիս կնոջ եղբոր նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարել է։
 
Հիշյալ անձինք ձերբակալվել են։
 
Դատարանի որոշմամբ քրեական ենթամշակույթի կրող հայտնի անձի և 47-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ վերջինիս կնոջ եղբոր նկատմամբ՝ տնային կալանքը։
 
Նախաքննությունը շարունակվում է։