Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի որդու պաշտպանը խուսափեց «գլուխ» բառն օգտագործելուց

Քոչարյանի որդու պաշտպանը խուսափեց «գլուխ» բառն օգտագործելուց
Իրավունք
18:49, 26 март 2024
Հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի և  նրա կնոջ ապօրինի համարվող գույքի բռնագանձման գործով նախնական դատական հերթական նիստը։ 
Նիստի մեկնարկում Սեդրակ Քոչարյանի և նրա կնոջ ներկայացուցիչ Արմեն Ֆերոյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, քանի որ նոր է ներգրավվել որպես պաշտպան, և կարիք կա գործի նյութերին ծանոթանալու։ 

Դատախազն առարկեց՝ նշելով, որ Սեդրակ Քոչարյանն ու նրա կինը ունեն նաև այլ պաշտպան, և նոր պաշտպանի ներգրավումը չի կարող առիթ հանդիսանալ նիստը հետաձգելու համար։ Դատավորը մերժեց պաշտպանի միջնորդությունը, նիստը շարունակվեց։
Ապա քննվեց Գլխավոր դատախազության կողմից հայցի հիմքի և առարկայի փոփոխության մասին միջնորդությունը։ 
Գործող հայցադիմումի համաձայն՝ Սեդրակ Քոչարյանն ու կինը գույք ունեն ոչ միայն Հայաստանում, այլև Տանզանիայում։
Բռնագանձման ցանկում են մայրաքաղաքում մի քանի տասնյակ գույք, ավտոկայանատեղիներ Կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, մի քանի բանկերում բաժնետոմսեր։

Ըստ Դատախազության՝ ԱԿԲԱ բանկում անցած տասը տարիների ընթացքում Սեդրակ Քոչարյանը 225 հազար դոլարի ավանդ է ունեցել, որի մեծ մասի ծագումն անօրինական է, անցած տարիներին էլ «Ամերիա», «Կոնվերս» բանկերում գնել է մեծ քանակությամբ բաժնետոմսեր, որոնք ևս անօրինական են:
Քոչարյանները մասնակցություն ունեն նաև Տանզանիայում գրանցված «Փլեյ Մասթըրս Գեյմինգ Քորփորեյշըն» ընկերությունում, որի 37.4 տոկոսը դատախազությունը ապօրինի է համարում։ Նաև՝   84.3 տոկոս մասնակցություն «Թարգեթս Գրուփ» ընկերությունում։
Քիչ չեն նաև մասնակցությունները հայտնի ընկերությունների մասնաբաժիններում, օրինակ, ըստ դատախազ Քոչարյանի, «Տոյոտա Երևան» ընկերությունում՝ 30 տոկոս:

Ընդհանուր առմամբ, Դատախազության գնահատականներով, երկրորդ նախագահն ու իր ընտանիքը պետությանը պետք է վերադարձնեն 20 անշարժ գույք Երևանում, 2 ավտոմեքենա և ավելի քան 54 միլիոն դոլար և 6 միլիոն դոլարի հասնող տոկոսով տված գումար, արժեթղթեր։ 

Փոփոխվող հայցադիմումով, եթե դատարանը թույլատրի այն կատարել, ըստ դատախազության՝ բովանդակային իմաստով որևէ բան չի փոխվի՝ ճշգրտումներ են արվել։ Եվ եթե գործող հայցադիմումով ողջ ունեցվածքը օրենքի իմաստով պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, և պահանջվում էր բռնագանձել վերը նշված գույքերը, որոնց սեփականատերեր հանդիսանում էին Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները, սակայն օրենքի իմաստով դատախազությունը դրանք համարում էր Ռոբերտ Քոչարյանինը, ապա նոր հայցադիմումի համաձայն՝ վերաբաշխումներ են կատարվել։ 

Դատախազ Գևորգ Քոչարյանն ասաց, որ որևէ հիմք չկա իր միջնորդությունը՝ թույլատրել փոփոխել հայցադիմումը, մերժելու։
Սկզբունքային փոփոխություններ, ըստ դատախազի, հայցի հիմքում տեղի չեն ունեցել, կատարվել է վերահաշվարկ, որի արդյունքում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն մեթոդական փոփոխություն չի եղել՝ որոշ վրիպակներ են ճշգրտվել։
«Սկզբունքային փոփոխություն տեղի է ունեցել խնդրամասում՝ մասնավորապես դրամական պահանջը, որը նախապես ուղղված էր  բացառապես Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին, հիմա դրա վերաբերելի մասերով դրամական պահանջը ուղղված է նաև մյուս պատասխանողներին»,- ասաց Գևորգ Քոչարյանը։

Ըստ դատախազության ներկայացրած փոփոխությունների՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի և Բելլա Քոչարյանի վերաբերելի մասով հայցապահանջը նվազել է, քանի որ պահանջների մի մասը ուղղվել է մյուս պատասխանողներին։ 

Ռոբերտ և Բելլա Քոչարյանների ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատախազ Գևորգ Քոչարյանին հարցրեց.

պաշտպան - Ճի՞շտ եմ հասկանում, որ ձեր առաջարկած տարբերակով պնդում եք, որ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից պետք է բռնագանձվի 2 մլրդ 721 մլն 319 հազար 175 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, և 1 մլրդ 345 մլն 166 հազար ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող և  բարեխիղճ ձեռք բերողների փոխանցված կամ չնույնականացված միջոցների հանրագումար։ Ռոբերտ Քոչարյանից որևէ այլ դրամական պահանջ ներկայացված չէ։ 

դատախազ - Ռոբերտ Քոչարյանին վերաբերում է Ա կետը և ԱԱ կետը։ Մյուս պահանջները էլի օրենքի իմաստով ուղղված են Ռոբերտ Քոչարյանին, քանի որ օրենքի իմաստով ինքն է դիտվել այդ գույքերի իրական շահառուն, բայց կոնկրետ խնդրամասում այդ պահանջները այլ անձանց են վերաբերվում։

Ապա՝ դատախազ Գևորգ Քոչարյանին հարցեր հղեց Լևոն, Գայանե և Սիրանույշ Քոչարյանների ներկայացուցիչը։

պաշտպան - 13-րդ էջում՝ 3-րդ պարբերությունն է՝ «իսկ Լևոն և Գայանե Քոչարյանների ամուսնությունից հետո վերջիններս դիտարկվել են առանձին տնտեսություն վարող սուբյեկտներ... Լևոն և Գայանե Քոչարյանների ընտանիքի օրինական եկամուտների չափը գերազանցող վերջիններիս ծախսերը դիտվում են կատարված Ռոբերտ Քոչարյանի միջոցներով»։ Ճի՞շտ եմ հասկանում, որ եթե Լևոն Քոչարյանի ընտանիքը կատարել է որոշակի ծախսեր, որը հիմնավորվել է նրանց օրինական եկամուտներով, օրինակ՝ գույք է ձեռք բերել, այդ գույքը դիտում եք որպես Լևոն և Սիրանույշ Քոչարյաններինը։ 

դատախազ - Այո։

պաշտպան - 93-րդ էջում՝ 5-րդ կետ, ճի՞շտ եմ հասկանում, որ այս գլուխը, չասենք գլուխ, ասենք կետ, վերնագրված է այսպես՝ «Ռոբերտ Քոչարյանին պատկանող ապօրինի ծագում գույքի շրջանակը»։ Ճի՞շտ եմ հասկանում, որ 5-րդ կետի տակ այս փոփոխված հայցադիմումով ինչ գրել եք, վերագրել եք որպես Ռոբերտ Քոչարյանի գույք, որը ապօրինի ծագում ունի։
դատախազ - Ընդհանուր առմամբ՝ այո՛։

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը, դիրքորոշում հայտնելով, նշեց, որ իր վստահորդի նկատմամբ պահանջից դատախազությունը մասամբ հրաժարվել է։

պաշտպան - Նախկինում նախատեսված էր բռնագանձել 5 մլրդ 968 մլն 652 հազար և 28 մլրդ 593մլն  286 հազար դրամ, այնինչ ներկայացված հայցադիմումով նախատեսվում է հայցը փոփոխել, և 5 մլրդ-ի փոխարեն պահանջում են բռնագանձել 2 մլրդ 721 մլն դրամ, իսկ 28 մլրդ-ի փոխարենը՝ ընդամենը 1 մլրդ 60 մլն 345 հազար դրամ։ Հետևաբար, կարծում եմ, դատարանը հիմք ընդունելով քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածը՝ հրաժարված մասով պետք է առանձնացնի և գործը կարճի...
Քոչարյանների մյուս պաշտպանները հայցի հիմքը փոփոխելու վերաբերյալ այն մերժելու դիրքորոշում հայտնեցին։ 
Ապա պաշտպանները երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրին, որոնց վերաբերյալ դատարանը որոշում կկայացանի հետագայում։ 

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 1-ին ժամը 15։30-ին։
 
Վովա Հակոբյան