Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավորը դատի է տվել ԶԼՄ-ներին և որպես փոխհատուցում յուրաքանչյուրից 3 մլն դրամ է պահանջում

Դատավորը դատի է տվել ԶԼՄ-ներին և որպես փոխհատուցում յուրաքանչյուրից 3 մլն դրամ է պահանջում
Իրավունք
14:24, 12 апрель 2024
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը դատական հայց է ներկայարցել ընդդեմ  «Փաստինֆո» կայքի՝ իրեն զրպարտելու և վիրավորանքի համար։ Հայցվորը պահանջել է, որ պատասխանողը ներողություն խնդրի  Ֆեյսբուք սոցիալական կայքի գործող պաշտոնական էջում և www.pastinfo.am լրատվական կայքում՝ բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով։


Նշենք, որ 2024 թվականի մարտի 6-ին և 12-ին հիշյալ կայքը հրապարակել է հոդվածներ համապատասխանաբար հետևյալ վերնագրերով՝  «Պաշտոնից ազատված դատավորներին լրտեսել են: Կարեն Անդրեասյանը փորձում է իր նախընտրած թեկնածուին ԲԴԽ անդամ կարգել» և «Իշխանությունները փոխում են մարտավարությունը. Ռուբիկ Մխիթարյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից»։ Հայցվորը նաև պահանջել է պատասխանող «Փաստինֆո» ՍՊԸ-ից հօգուտ իրեն՝ Մխիթարյանի,   բռնագանձել 3,000,000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում: Նշենք, որ հայցապահանջը դատարան է մուտքագրվել ապրիլի 8-ին, գործով դատավորն է Ե. Եսոյանը։ Հարկ է նկատել, որ Ռ. Մխիթարյանի վերաբերյալ հոդված էր հրապարակել նաև «Ժողովուրդ» օրաթերթը։ Դատավորը պարզաբանմամբ էր հանդես եկել, որը հրապարակել էր Դատական դեպարտամենտը։ Ըստ այդմ. ««Ժողովուրդ» օրաթերթի 12.03.2024 թ. «Դատական համակարգի քաոսը շարունակվում է. «գրագրության» սկանդալից հետո ԲԴԽ թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը դիմումից հրաժարվել է» հոդվածի հեղինակ Քնար Մանուկյանը, ամենայն հավանականությամբ տեղյակ չլինելով կամ անտեսելով ԲԴԽ դատավոր անդամի թեկնածության առաջադրման կարգը, իրականության հետ ոչ մի աղերս չունեցող ենթադրություններ և եզրահանգումներ է արել՝ ակնհայտորեն ունենալով նպատակ վարկաբեկել իմ համբավը։ Հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը. 

1. «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Դատական դեպարտամենտի ղեկավարը Ընդհանուր ժողովից առնվազն մեկ ամիս առաջ քվեաթերթիկներում ներառում է բոլոր այն դատավորների անունները, ովքեր բավարարում են ԲԴԽ դատավոր անդամի թեկնածուի համար Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված պահանջները։ 

2. Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Դատական դեպարտամենտի ղեկավարը դատավորի թեկնածությունը քվեաթերթիկում ներառելու մասին անհապաղ ծանուցում է համապատասխան թեկնածուին:

3. Իսկ 6-րդ մասով սահմանված է, որ ծանուցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում թեկնածուն կարող է դիմում ներկայացնել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ պահանջելով իր անունը չներառել քվեաթերթիկում, ինչը և կատարել եմ ես։ Սա է ընթացակարգը։ Մնացածը հոդվածի հեղինակի ենթադրությունների կամ, որ ավելի վատ է, իրականության խեղաթյուրման դաշտից է։ Հոդվածի հեղինակը, ամենայն հավանականությամբ, սկանդալային նյութ ստանալու նպատակով մեկնաբանել է փաստերն իրեն ցանկալի ձևով, չի փորձել կապ հաստատել ինձ հետ՝ ինձ վերաբերող որևէ տեղեկություն ճշգրտելու համար։ Փոխարենը որոշել է փաստերը ներկայացնել՝ նյութին մաքսիմալ ինտրիգային տոնայնություն տալու տրամաբանությամբ։ Ակնհայտ հերյուրանքներով «հարուստ» այդ հոդվածում, ի դեպ, կան այնպիսիք, որոնք մինչ այդ ևս նույն լրատվամիջոցը բազմաթիվ անգամ շրջանառել է տարբեր հրապարակումներում, և որոնք մինչ այժմ չեմ կարևորել ու որոնց չեմ արձագանքել՝ անհեթեթ լինելու պատճառով։

 Վստահաբար, այսուհետ այդպիսի զրպարտանքները դուրս չեն մնալու իմ տեսադաշտից և չեն հանդուրժվելու։ Նշեմ, որ տվյալ լրատվամիջոցն առաջին անգամը չէ, որ հերյուրանքներ և մասնագիտական համբավն արատավորող տեղեկություններ է տարածում իմ հասցեին։ Հորդորում եմ լրատվամիջոցին և կոնկրետ տվյալ հեղինակին՝ ձեռնպահ մնալ հանրությանը ապատեղեկատվություն տալու, լրագրողական էթիկային ոչ հարիր գործելակերպից։ Միևնույն ժամանակ, առաջարկում եմ ծանոթանալ ՀՀ քրեական օրենսգրքի 490 հոդվածին, որը նախատեսում է քրեական պատասխանատվություն այդօրինակ արարքների համար»։

«Դատալեքս»-ից տեղեկացանք, որ Ռ. Մխիթարյանը դատական հայց է ներկայացրել նաև «Ժողովուրդ» թերթի դեմ։ Պատճառը «Դատական համակարգի քաոսը շարունակվում է. «գրագրության» սկանդալից հետո ԲԴԽ թեկնածու Ռուբիկ Մխիթարյանը դիմումից հրաժարվել է» վերտառությամբ հոդվածն է։ Հայցվորը պահանջում է հերքում տպագրել, քանի որ սույն հոդվածում «առկա արտահայտությունները զրպարտում են» իրեն և «նշված բոլոր՝ որպես փաստ ներկայացված տեղեկությունները սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»: 

Ռ. Մխիթարյանը պահանջել է «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից հօգուտ իրեն բռնագանձել 3,000,000 ՀՀ դրամ՝ որպես հրապարակմամբ պարունակվող զրպարտության համար նախատեսված փոխհատուցում: