Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության նախարարը ԲԴԽ-ին միջնորդել է պատասխանատվության ենթարկել դատավոր Գայանե Մազմանյանին՝ «ակնհայտ և կոպիտ խախտումների» համար, դատավորն «անհիմն» է համարում վարույթը

Արդարադատության նախարարը ԲԴԽ-ին միջնորդել է պատասխանատվության ենթարկել դատավոր Գայանե Մազմանյանին՝ «ակնհայտ և կոպիտ խախտումների» համար, դատավորն «անհիմն» է համարում վարույթը
Իրավունք
17:56, 29 ноябрь 2021
ԲԴԽ-ում ընթանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ 

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանը, ներկայացնելով միջնորդությունը, ասաց, որ Գայանե Մազմանյանի կողմից  29.03.2019 վճռի կայացմամբ թույլ են տրվել Քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասում, 361-րդ հոդվածի 1-ին մասում և 877-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներ։ 

«Այն է՝ դատարանը գործով հայցվորի և պատասխանողի միջև կնքված փոխառության պայմանագրից բխող փոխառության գումարը վերադարձնելու պարտականությունը դրել է նաև փոխառության պայմանագրի կողմ չհանդիսացող, այսինքն՝ փոխառության պայմանագրով նման պարտավորություն չստանձնած, գործով որպես պատասխանող ներգրավված պատասխանողի կնոջ վրա՝ նման դիրքորոշումը պայմանավորելով բացառապես նրանով, որ պատասխանողը փոխառության նոտարական կարգով  վավերացրած պայմանագրով ստացված գումարը վերադարձնելու պարտավորությունը ստանձնել է  ամուսնության մեջ գտնվելու ժամանակ»,- ասաց արդարադատության նախարարության ներկայացուցիչը։

Նա նաև ասաց, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել է քաղաքացի Գայանե Դավթյանի կողմից 2021 թվականի հուլիսի 22-ին արդարադատության նախարարին ներկայացրած հաղորդումը։

Գագիկ Հարությունյանը նաև նշեց, որ նախարարի 2021 թվականի սեպտեմբերի 30-ի համապատասխան որոշմամբ՝ դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, հարուցված վարույթի շրջանակներում դատավորը 2021 թվականի հոկտեմբերի 18-ին ներկայացրել է բացատրություն, ինչպես նաև տրամադրել է նշված քաղաքացիական գործին առնչվող նյութեր։

Հայտնելով իր դիրքորոշումը ներկայացված միջնորդության վերաբերյալ՝ դատավոր Գայանե Մազմանյանն ասաց, որ  միջնորդությունն անհիմն է համարում և խնդրում է մերժել այն, նա նաև խնդրում է   քննարկել հաղորդում տված անձի կողմից ժամկետների խախտումը. նա հաղորդում ներկայացրել է մեկ տարի 8 ամիս հետո։ 

Կողմերին լսելուց հետո խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 13-ին, ժամը 15.00-ին։