Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նարեկ Սամսոնյանը չի կալանավորվի․ ծանր վիրավորանքի մեղադրանքի դեպքում կալանավորում հնարավոր չէ․ ՔԿ

Նարեկ Սամսոնյանը չի կալանավորվի․ ծանր վիրավորանքի մեղադրանքի դեպքում  կալանավորում հնարավոր չէ․ ՔԿ
Իրավունք
18:04, 15 декабрь 2021
Երեկ՝ դեկտեմբերի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 3-րդ մասով՝ ծանր վիրավորանք, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել, քանի որ առաջադրված մեղադրանքի դեպքում կալանավորում հնարավոր չէ եւ 72 ժամ ձերբակալված մնալուց հետո նա ազատ կարձակվի։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում նշել  էր, որ ինքն է Նարեկ Սամսոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել դատախազություն՝ դեռևս մի քանի շաբաթ առաջ: «Մի քանի շաբաթ առաջ Նարեկ Սամսոնյանը հրապարակային կերպով՝ Ֆեյսբուքի իր էջում, իմ հասցեին հնչեցրել է ծանր բնույթի վիրավորանք։ Ես այս ընթացքում սպասել եմ, որպեսզի հարուցվի քրեական գործ համապատասխան հոդվածով, երեկ և այսօր առավոտյան տվել եմ ցուցմունք։ Կարծես թե Նարեկ Սամսոնյանը երեկ տեղեկացել է, որ իրեն առաջադրվելու է մեղադրանք այս գործի շրջանակներում և ֆեյսբուքյան տիրույթում էլ ավելի ծանր բնույթի հայհոյանք է հասցրել՝ դրանով իսկ ծանրացնելով իր վիճակը։ Քրեական օրենսգրքի նույն հոդվածը նախատեսում է բազմակի հնչեցրած վիրավորանքի համար ավելի ծանր պատիժ, և դրան այսօր հետևել են ոստիկանական գործողությունները»,- հավելել էր նա։

Գեղամ Ադյան