Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ոչ օրինաչափ հրահանգներ երբեք չեմ ստացել». ՀՀ վարչապետի անվտանգության պետի տեղակալը դատարանում ցուցմունք տվեց սուտ մատնության մեջ մեղադրվող Նարեկ Սամսոնյանի գործով

«Ոչ օրինաչափ հրահանգներ երբեք չեմ ստացել». ՀՀ վարչապետի անվտանգության պետի տեղակալը դատարանում ցուցմունք տվեց սուտ մատնության մեջ մեղադրվող Նարեկ Սամսոնյանի գործով
Իրավունք
18:31, 13 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կայացավ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի գործով հերթական դատական նիստը։  

Նշենք, որ Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետին վերաբերող սուտ տեղեկություն հրապարակելու, այնուհետև հարցաքննության ժամանակ այդ տեղեկությունը իրավապահ մարմիններին հայտնելու, այսինքն՝ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար։

Դատական նիստին հրավիրված վկաներից ներկայացել էր միայն Նիկոլ Փաշինյանի անվտանգության պետի տեղակալ Հովհաննես Վարդանյանը, մյուս վկաների ծանուցագրերը չէին հասել հասցեատերերին՝ հետ էին ուղարկվել դատարան։ Հովհաննես Վարդանյանը ևս ծանուցում չէր ստացել, սակայն ներկայացել էր դատարան՝ լրատվամիջոցներից տեղեկանալով, որ դատարանը հրավիրել է իրեն որպես վկա ցուցմունք տալու։ 

Հովհաննես Վարդանյանը դատարանում պնդեց իր նախաքննական ցուցմունքը՝ խնդրելով հրապարակել այն։ Նա նշեց, որ իրենք նման գործառույթներ չունեն՝ խավիար գնելու հրահանգ չեն ստացել, և իր ծառայակիցները ևս նման հրահանգով  չեն ուղղորդվել. «Ոչ օրինաչափ հրահանգներ երբեք չեմ ստացել իմ աշխատանքի ժամանակ»։

Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստին ներկայանալու համար բոլոր վկաների նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառել և բերման ենթարկել։ Հաջորդ դատական նիստը հետաձգվեց մինչև 2022թ. մարտի 7-ը, ժամը 12։30-ը։ 

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը 2019թ. Ֆեյսբուքի իր էջում գրառել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում գործող ռեստորաններից մեկից գնել է սև ձկնկիթ՝ մեկ կիլոգրամը 3.000 ԱՄՆ դոլար արժողությամբ, որից հետո ՀՀ վարչապետի անվտանգության աշխատակիցներն այցելել են տվյալ ռեստորան և ցանկացել են ձեռք բերել ևս մեկ կիլոգրամ սև ձկնկիթ՝ գումարը բանկային փոխանցման եղանակով վճարելու պայմանով, սակայն ռեստորանի տնօրինությունն անվտանգության աշխատակիցներին տեղեկացրել է, որ այդ դեպքում սև ձկնկիթի մեկ կիլոգրամը կարժենա 5.000 ԱՄՆ դոլար: