Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց՝ պաշտպանների բացակայության պատճառով

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց՝ պաշտպանների բացակայության պատճառով
Իրավունք
13:51, 01 февраль 2022
Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կաշառքի գործով դատական նիստն այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բացակայության պատճառով հետաձգվեց:

Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիմումով հայտնել է, որ հանդիսանում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 2021-2022 ուսումնական տարվա Քննական արդարադատության և փաստաբանության մագիստրոսական ավարտական եզրափակիչ հանձնաժողովի անդամ և պետք է մասնակցի նախատեսված մագիստրոսական թեզերի պաշտպանությանը, հետևաբար այսօր նշանակված դատական նիստին չի կարող ներկայանալ, և խնդրել է դատական նիստին իր չներկայանալու պատճառը համարել հարգելի, կից ներկայացվել է իրավագիտության ֆակուլտետի դեկանի կողմից տրված տեղեկանքը։ 

Քոչարյանի մեկ այլ պաշտպան՝ Հովհաննես Խուդոյանից ևս ստացվել է դիմում, որով նա տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով չի  կարող մասնակցել այսօրվա դատական նիստին, դիմումին կից ներկայացրել է բժշկական փաստաթղթեր։  

Հաշվի առնելով, որ պաշտպանների բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել, դատավորը հետաձգեց դատական նիստը՝ այն նշանակելով փետրվարի 8-ին, ժամը 13.00-ին։     

Նշենք, որ այս դատական նիստը հաճախ է հետաձգվում Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բացակայության պատճառով։