Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Էրեբունին» դարձել է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության չեմպիոն և առաջին տեղով դուրս եկել կիսաեզրափակիչ

«Էրեբունին» դարձել է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության չեմպիոն և առաջին տեղով դուրս եկել կիսաեզրափակիչ
Իրավունք
21:58, 14 март 2022
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության Vbet Ա լիգայի չեմպիոնի կոչումը նվաճել է «Էրեբունին»: Առաջին տեղի համար պայքարում թիմը մրցել է «Ուրարտուի» հետ և հաղթել 106:93 հաշվով:

Առաջին քառորդում հավասար պայքար է ծավալվել, սակայն «Ուրարտուն» ունեցած չնչին առավելությունը չի կարողացել պահպանել. «Էրեբունի»-«Ուրարտու»՝ 28:25։ Թիմերը մեծ ընդմիջման գնացել են 5 միավորի տարբերությամբ` 55։50` հօգուտ «Էրեբունիի»։ 3-րդ քառորդում «Էրեբունին» հիմնականում շեշտը դրել է 3-միավորանոց նետումների վրա, որոնք տվել են իրենց արդյունքը` 81:69։ Վերջին քառորդում «Ուրարտուի» հակագրոհները չեն ավարտվել դիպուկ նետումներով և «Էրեբունին» հաղթել է 106:93 հաշվով։

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել «Էրեբունիի» բասկետբոլիստ Օմեգա Հարիսը, ով վաստակել է 35 միավոր, 14 անգամ տիրել զամբյուղից անդրադարձած գնդակին և կատարել 10 արդյունավետ փոխանցում։

Այս հաղթանակի շնորհիվ «Էրեբունին» գլխավորել է Ա լիգայի կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակը և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Գյումրիի» հետ:

«Ուրարտուն» եզրափակչի ուղեգրի համար մրցախաղում ուժերը կչափի փլեյ-օֆֆում միմյանց հետ մրցող ԲԿՄԱ-«Արցախ» զույգի հաղթողի հետ։
Քառորդ եզրափակչի հանդիպումները ԲԿՄԱ-ի և «Արցախի» միջև կկայանան մարտի 15-ին և 16-ին։ Խաղերի մեկնարկը 19:15-ին է: