Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օնիքսումը» Հայաստանում 9 մլն դոլար է ներգրավել իր ցանցում․ 11 անձի մեղադրանք է առաջադրվել

«Օնիքսումը» Հայաստանում 9 մլն դոլար է ներգրավել իր ցանցում․ 11 անձի մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
19:58, 23 май 2022
«Օնիքսում» ընկերությունը Հայաստանում իր գործունեության ընթացքում ենթադրյալ ֆինանսական բուրգում ներգրավել է 9 միլիոն 188 հազար դոլարին համարժեք դրամական և գույքային այլ միջոցներ։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հատնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Հիշեցնենք՝ այս ընկերության գործունեության վերբաերյալ «Հետքը»-ը հոդված էր հրապարակել դեռևս 2019 թվականի դեկտեմբերին։ Պարզել էինք, որ «Օնիքսում» կազմակերպության աշխատանքի սխեման շատ նման է ֆինանսական բուրգի։ Հյուրանոցային փաթեթի ձեռքբերման քողի տակ կազմակերպությանը անդամակցող յուրաքանչյուր մարդու եկամուտը պայմանավորված է նոր ներդրողների ներգրավմամբ և նրանց կողմից կատարված գնումների հաշվին որոշակի տոկոսների ստացմամբ։

11 անձի մեղադրանք է առաջադրվել, 500 անձ ունի տուժողի կարգավիճակ

«Օնիքսում» ընկերության գործունեության վերաբերյալ Հայաստանում երկու քրեական գործ էր հարուցվել, որոնցից առաջինը 2018թ․ նոյեմբերին՝ Քննչական կոմիտեում, իսկ երկրորդը՝ 2020թ․ փետրվարին՝ Ազգային անվտանգության ծառայությունում։ Այժմ այդ քրեական գործերը միացվել են իրար և քննվում են Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։

Ինչպես «Հետքին» հայտնել է Քննչական կոմիտեն, 2017 թվականին կազմակերպված հանցավոր խումբը Հայաստանում հիմնել է «Vodanet British LTD» անունով գործող ենթադրյալ ֆինանսական բուրգի մասը, որի համակարգողները առանց իրավական ձեռնարկատիրական գործունեության ներգրավվել են 12 հազար ներդրողի, որոնցից յուրաքանչյուրի շահույթը պայմանավորվել է նոր ներդրողների ներգրավումից ստացված գումարների հաշվին։
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ցանցի բացահայտումից հետո «Vodanet British LTD» բուրգի համակարգողները վերակազմակերպվել և շարունակել են գործել «Օնիքսում» անվան ներքո։ Կազմակերպության դիտավորյալ գործողությունների հետևանքով՝ ենթադրյալ ֆինանսական բուրգում ներգրավել է 9 միլիոն 188 հազար 590 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական և գույքային այլ միջոցներ։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործի ընթացքում տուժող է ճանաչվել 500 անձ։ 11 անձ որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 189․1 հոդվածի 3-րդ մասին 1-ին և 3-րդ կետերով սահմանված հանցագործությունները կատարելու համար (կազմակերպված խմբով ֆինանսական բուրգում առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք ներգրավելը)։

Քննչական կոմիտեն նպատակահարմար չի գտել հրապարակել նախաքննությանն առնչվող այլ տեղեկություններ։

Արցախում «Օնիքսումը» իր ցանցում ներգրավել է 350 միլիոն դրամ

2019 թվականից սկսած «Օնիքսումի» ցանը տարածվել է նաև Արցախի Հանրապետությունում։ Արցախի գլխավոր դատախազությունը, պատասխանելով «Հետքի» հարցմանը, նշել է, որ կազմակերպությունը հյուրանոցային փաթեթների ամրագրման առցնաց ծառայություններ մատուցելու անվան ներքո ներգրավել է մոտ 500 քաղաքացու, որոնցից յուրաքանչյուրի նյութական օգուտ ստանալը եղել է բացառապես նոր անձանց ներգրավելու և նրանց կողմից գումար ներդնելու դեպքում։ Այս սխեմայով Արցախում «Օնիքսումը» ներգրավել է շուրջ 350 միլիոն դրամ, որը կանխիկ կամ այլ արժույթի փոխակերպելու եղանակով փոխանցվել է ենթադրյալ ֆինանսական բուրգի առավել բարձր դիրքում գտնվող անձանց։

ԱՀ քրեական օրենսգրքի 197․1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը) հարուցված քրեական գործի վարույթը 2020թ․ սեպտեմբերի 27-ին կասեցվել է՝ երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով։ 2022թ․ ապրիլի 20-ին գործի վարույթը վերսկսվել է և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործի հետագա նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեին հանձնարարելու առաջարկությամբ։ 

Արցախում հարուցված քրեական գործով ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել, տուժողի կարգավիճակ ևս որևէ մեկին չի տրվել, իսկ ընկերության հասցրած նյութական վնասների չափերը դեռևս պարզվում են։

Հ․Գ․ հարկ է նշել՝ չնայած «Օնիքսում» ընկերության գործունեության վերաբերյալ գրեթե 4 տարի է, ինչ քրեական գործ է քննվում, տարբեր մարդկանց մեղադրանք է առաջադրվում, այնուամենայնիվ կազմակերպություն հենց այս պահին էլ շարունակում է իր գործունեությունը Հայաստանի և Արցախի հանրապետություններում և հարյուրավոր քաղաքացիների նյութական վնաս հասցնում։