Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագած Ախոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Արագած Ախոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Իրավունք
14:43, 24 май 2022
Ա.Ախոյանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր hնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ավարտվել է Արագած Ախոյանի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչեր hնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 24-ին Ա.Ախոյանը www.facebook.com սոցիալական կայքի` իր էջում, հանրային հասանելի հարթակով, ուղիղ եթերի միջոցով, հրապարակել է տեսանյութ, որի ընթացքում նկատի ունենալով նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի ժամանակ երկու քաղաքացիների միջև, քաղաքական հայացքներով պայմանավորված, տեղի ունեցած ծեծկռտուքը, բռնություն գործադրելու վերաբերյալ հրապարակայնորեն կոչեր է հնչեցրել՝ արդարացնելով նման բռնության հրապարակայնորեն գործադրումը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Ախոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2021թ․ հունվարի 28-ին, երբ մի շարք քաղաքացիներ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ բախումներ տեղի ունեցան ոստիկանության ու քաղաքացիների միջև։ Դեպքից հետո քաղաքացիներ էին բերման ենթարկվել, որոնց թվում էր նաև Արագած Ախոյանը։ Նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել նաև բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով իշխանությունը զավթելու, ինչպես նաև ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու փորձի համար։

Նշենք նաև, որ նախկին պատգամավորը մեղադրվում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 226.2- րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ։ Այս մասին դեռևս ապրիլ ամիսն հայտնել էր փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Մեղադրանքի էությունը փաստացի կայանում է նրանում, որ պարոն Ախոյանն իր «լայվերից» մեկում ասել է, որ արցախցիների նկատմամբ ատելություն տարածող կենդանիները պետք է պատժվեն",-գրել էր փաստաբանը։