Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շենքը գրոհող անձանց նկատմամբ ոստիկանությունը կարող էր կիրառել նաև հատուկ միջոցի այլ տեսակներ` մահակներ կամ ձեռքի արցունքաբեր գազ. Դանիել Իոաննիսյան

Շենքը գրոհող անձանց նկատմամբ ոստիկանությունը կարող էր կիրառել նաև հատուկ միջոցի այլ տեսակներ` մահակներ կամ ձեռքի արցունքաբեր գազ. Դանիել Իոաննիսյան
Իրավունք
21:30, 30 май 2022
«Իրազեկ քաղաքացիների միություն» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը գչում է.

«Ոստիկաններին ֆիզիկական դիմադրություն ցույց տալով` պետական կառավարման շենք դե-ֆակտո գրոհած (զանգվածային մուտքի փորձ արած) անձանց էական մասի գործողություններում ակնհայտ հանցակազմ կար։ Այդ անձանց նկատմամբ պետք է քրեական հետապնդում լինի։

Բնականաբար հանցագործության մեջ կասկածվող ու դիմադրություն ցույց տվող անձանց բերման ենթարկելիս ոստիկանության կողմից կարող էր կիրառվել նաև ֆիզիկական ուժ և որոշակի հատուկ միջոցներ։ Այդուհանդերձ, հատուկ միջոցներից կիրառվել է միմիայն ձեռնաշղթա։

Ասեմ ավելին, շենքը գրոհող անձանց նկատմամբ ոստիկանությունը կարող էր կիրառել նաև հատուկ միջոցի այլ տեսակներ, ինչպիսիք են օրինակ` մահակները կամ ձեռքի արցունքաբեր գազը (pepper spray):

 Ակնհայտ է դառնում, որ ոստիկանությանը հատուկ միջոցներ չկիրառելու քաղաքական պատվեր է տրված։ Առանձին քննարկման հարց է այն, թե դա լավ է, թե վատ։

Այդուհանդերձ, ոստիկանության գործողությունների որոշ դրվագներ ու մասնավորապես խոշտանգումների մասին ահազանգերը պետք է պատշաճ քննության արժանանան։

Հ.Գ. Գեղամ Մանուկյանը ինձ հասցեագրված խոսքում դժգոհել է պարեկային ծառայության պետից ու նրա գլխարկից։ Թեև պարեկային ծառայության պետի գործողություններում դատապարտելի բան չենք տեսել, բայց հարկ եմ համարում նշել, որ նրան նշանակում է Ոստիկանապետը, իսկ համազգեստը հաստատում է կառավարությունը։ Այդ պրոցեսներում իմ մասնակցությունը գերակշռապես վերահսկողական ու խորհրդատվական է»։