Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կասկածում ենք՝ Վերմիշյանի մոտ գլխուղեղի հետ կապված խնդիր կա, ինչը ճնշումը չափելով չենք կարող հասկանալ, ուզում ենք տանել ՄՌՏ հետազոտության․ Վերմիշյանի պաշտպան

Կասկածում ենք՝ Վերմիշյանի մոտ գլխուղեղի հետ կապված խնդիր կա, ինչը ճնշումը չափելով չենք կարող հասկանալ, ուզում ենք տանել ՄՌՏ հետազոտության․ Վերմիշյանի պաշտպան
Իրավունք
17:06, 26 июль 2022
Երեկ Ֆեյսբուքի իր էջում Վահագն Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր, որ դատարանում իր պաշտպանյալի ինքնազգացողությունը վատացել է և շտապօգնություն չի կանչվել։ 

Civic.am-ի հետ զրույցում այսօր պաշտպանը պնդեց, որ ոչ դատարանում, ոչ էլ ՔԿՀ-ում շտապօգնություն չեն կանչել Վահագն Վերմիշյանի համար և դեռևս իրեն չի հաջողվում ՔԿՀ-ից ուղեգիր վերցնել՝ իր պաշտպանյալին հիվանդանոց տեղափոխելու համար․ «Այս պահին կրկին փորձում ենք այդ հարցը կարգավորել։ Երեկ երեկոյան՝ նիստից հետո, երբ Վահագն Վերմիշյանին տեղափոխեցին ՔԿՀ, ասում էին՝ բժիշկը տեղում չի, որպեսզի ուղեգիր տա։ ՔԿՀ-ում Վահագն Վերմիշյանին առաջարկել են միայն բուժքույրի կողմից ճնշումը չափել, իսկ մենք ցանկանում ենք ՄՌՏ հետազոտություն իրականացնել, որովհետև կասկածում ենք՝ գլխուղեղի հետ կապված խնդիրներ կան՝ ինչը ճնշումը չափելով չենք կարող հասկանալ»։

Պաշտպանի խոսքով՝ ՔԿՀ-ում բուժքույրն արդեն մեկ անգամ չափել է Վահագն Վերմիշյանի ճնշումն, ասել է՝ նորմալ է, սակայն Վերմիշյանի ինքնազգացողությունը շարունակում է նույնը մնալ։

Ալեքսանդր Կոչուբաևը նշեց, որ Վահագն Վերմիշյանին հերթական անգամ է առաջարկվել ՔԿՀ-ում բուժքրոջ ծառայությունը, սակայն նա հրաժարվել է բուժքրոջ կողմից իր ճնշումը չափելուց և հիմա էլ է հրաժարվում․ «Հիմա Վերմիշյանի ինքնազգացողությունը շարունակում է նույնը մնալ՝ փսխում է, գիտակցությունը մի փոքր խամրած է, նախկինում էլ գլխուղեղի արյան շրջանառության խնդիրներ է ունեցել։ Մենք չենք ասում՝ կալանքի հետ անհամատեղելիություն կա, կամ շատ լուրջ խնդիրներ կան, ուղղակի ուզում ենք գնալ հետազոտության, որպեսզի իմանանք՝ ինչպիսին է իր առողջությունը։ Հիմա պայքարում ենք՝ ՔԿՀ-ից ուղեգիր վերցնենք, որ Վերմիշյանին տանենք ՄՌՏ հետազոտության»։

Պաշտպանը հավելեց, որ դիմել են ՀՀ ՄԻՊ-ին, սակայն դեռևս արձագանք չկա, ինչպես նաև տեղյակ են պահել ՀՀ արդարադատության նախարարությանը․ «Եթե հենց հիմա տեղափոխեն հիվանդանոց Վերմիշյանին՝ մենք պատրաստ ենք դրան»,-ասաց Կոչուբաևը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը Վահագն Վերմիշյանի առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ ՔԿՀ-ի բժիշկները հրաժարվել են շտապ օգնություն կանչել, քանի որ կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի համար շտապ օգնություն կանչելու և բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վահագն Վերմիշյանը դժգոհել է գլխապտույտից ու սրտխառնոցից․ «Բուժանձնակազմի կողմից իրականացվել է Վ.Վերմիշյանի զննություն: Օբյեկտիվ զննության արդյունքում արձանագրվել է զարկերակային ճնշում -130/80, պուլս-80զարկ/րոպե, ինքնազգացողությունը եղել է բավարար: Բուժքրոջ կողմից առաջարկվել է դեղորայքային միջամտություն՝ կապված ներկայացրած գանգատների հետ, որից ազատազրկված անձը հրաժարվել է՝ պահանջելով կանչել շտապ օգնության բրիգադ, որի կարիքը չի եղել»,-գրված է հաղորդագրության մեջ։ ՀՀ ԱՆ-ն նաև հավելել է, որ գիշերը հերթապահ բուժքրոջ կողմից իրականացվել է գիշերային ստուգայց, որի ընթացքում Վ.Վերմիշյանը գանգատներ չի նշել, ասել է, որ իրեն լավ է զգում, ոչ մի բանի կարիք չունի։

Նշենք, որ Քաղաքաշինության կոմիտեի լիազորությունները կասեցված նախագահ Վահագն Վերմիշյանը շուրջ 2 տարի անազատության մեջ է։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և խարդախություն կատարելու համար։ Քրեական գործը դատաքննության փուլում է։ 

Նարա Մարտիրոսյան