Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազատազրկում՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելու համար

Ազատազրկում՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելու համար
Իրավունք
15:03, 16 август 2022
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու համար պատիժ է նախատեսված Քրեական օրենսգրքով, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի համաձայն՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություն տարածելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-150 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Նշված արարքը, որը`

1) անզգուշությամբ առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս կամ հանրային կամ պետական նշանակության միջոցառման խափանում, հիմնարկի կամ կազմակերպության գործունեության կազմալուծում կամ այլ ծանր հետևանք կամ

2) կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 100-200 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: