Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դատախազներին

Գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է  ՌԴ գլխավոր դատախազության դատախազներին
Իրավունք
19:19, 10 ноябрь 2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ գլխավոր դատախազության դաշնային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, անչափահասների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովման նկատմամբ վերահսկողության վարչության պետ Իրինա Րեբրինայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպումն անցկացվել է «Անչափահասների իրավունքների և օրինական շահերի ապահովման հարցերով փորձի փոխանակում» թեմայով միջոցառման շրջանակում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջև 2021-2022 թվականների համագործակցության մասին ծրագրով: 

Անահիտ Մանասյանը ողջունել է հյուրերին, կարևորել երկու երկրների իրավապահ կառույցների միջև արդյունավետ համագործակցության և փորձի փոխանակման անհրաժեշտությունն ու վստահություն հայտնել, որ մի շարք ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:   

Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջև համագործակցությանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ 2021-2022 թվականների ծրագիրը, որը 6-րդն է՝ 2007 թվականից ի վեր, կունենա շարունակություն. ներկայումս մշակվում է 2023-2024 թվականների համագործակցության ծրագրի նախագիծը: 

Միջոցառման ընթացքում քննարկվել են անչափահասների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում դատախազությունների դերը, անչափահասներին վերագրվող հանցանքներով վարույթների առանձնահատկություններն ու պատժի կրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել անչափահասներին թրաֆիքինգի և շահագործման ենթարկելու վարույթներով քննության մեթոդներին ու տուժողներին աջակցություն ցույց տալու մեխանիզմներին:              
                
Հանրային կապերի բաժին