Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արցախը պետք է հստակ կարգավիճակ ունենա». Արթուր Թովմասյանն ԱրՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ

«Արցախը պետք է հստակ կարգավիճակ ունենա». Արթուր Թովմասյանն ԱրՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ
Իրավունք
16:54, 20 апрель 2021
Արցախի պետական համասարանում այսօր՝ ապրիլի 20-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել «Արցախի ներկան և ապագան» թեմայով դասախոսությամբ:
«Արցախը պետք է հստակ կարգավիճակ ունենա». Արթուր Թովմասյանն ԱրՊՀ-ում հանդես է եկել դասախոսությամբ

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ դասախոսության սկսելը ՝ բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանն իր խոսքում ընդգծել է, որ սա պատերազմից հետո համալսարանում կազմակերպվող առաջին հանդիպումն է պետական բարձրաստիճան պաշտոնյայի հետ։

Ա. Սարգսյանը նշել է, որ Արցախի պետական համալսարանն արդեն 50 տարվա գործունեություն ունի, ինչի առթիվ բուհի որոշմամբ Արթուր Թովմասյանին է հանձնել մեդալ, ինչպես նաև իր հեղինակած գիրքը։ Անդրադառնալով թեմային՝ Ա. Թովմայանը ցավով է տեղեկացրել, որ Արցախի մայր բուհը քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում ունի 23 զոհ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են բոլոր նահատակների հիշատակը: Այնուհետև Արթուր Թովմասյանը, խոսելով Արցախի հետագա ճակատագրի մասին, կարևոր է համարել հստակ կարգավիճակ ունենալը: «Պետք է հետ վերադարձնենք մեր կորցրած տարածքները:
Պետք է բոլորն իմանան, որ Շուշին եղել և մնում է հայկական, որի մասին են վկայում բազմաթիվ փաստեր: Պետք է բարձրաձայնենք Շուշիի և Հադրութի հարցերի մասին»,-մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը: ԱԺ նախագահն իր ելույթում դատապարտել է բոլոր այն անձանց, ովքեր չեն մասնակցել պատերազմական գործողություններին, սակայն այս օրերին ամենաբարձրն են խոսում: Նա նշել է, որ պետք է լուրջ հետաքննություն անցկացվի այս ուղղությամբ:

Խոսելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ընդունված որոշումից, որով հայերենից բացի, պաշտոնական լեզվի կարգավիճակ է ստացել նաեւ ռուսերենը, ԱԺ նախագահն այն անվտանգային է համարել:

Հանդիպման ընթացքում մասնակիցները հանդես են եկել տարբեր առաջարկություններով և հարցադրումներով: Գերիների վերադարձի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ա. Թովմասյանն ասել է, որ այն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է: Ըստ բանախոսի՝ այդ կապակցությամբ միջազգային հանրության կողմից ճնշումներ են գործադրվում Ադրբեջանի վրա, սակայն, իր կարծիքով, այդ հարցում նույնպես Թուրքիայի միջամտությունը խանգարում է գործընթացի կարգավորմանը: