Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ գործի շրջանակում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը․ ՔԿ-ի պարզաբանումը․ factor.am

Ինչ գործի շրջանակում է հարցաքննվել Նիկոլ Փաշինյանը․ ՔԿ-ի պարզաբանումը․ factor.am
Իրավունք
15:06, 21 ноябрь 2022
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեում վկայի կարգավիճակով հարցաքննվել է»,- այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Ըստ նրա՝ Փաշինյանը հարցաքննվել է 2020 թվականի սեպտեմբերի 27–ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Քրեական գործը, ըստ ամենայնի, 2022-ի ապրիլի 13-ին խորհրդարանում վարչապետի ելույթից հետո զոհված և անհետ կարող զինծառայողների հարազատների բողոքի արդյունքում հարուցված գործն է։

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակն, իհարկե, առանց զոհերի: Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի և թե՛ պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և դավաճանության մեջ»: Այս հայտարարությունն էր վրդովեցրել հարազատներին, ինչից հետո նրանք մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ իրականացրին Գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավել, իսկ իրենց՝ զոհված զինծառայողների ծնողներին, այդ քրեական գործով տուժող ճանաչել։

Զոհվածների հարազատների դիտարկմամբ՝ սա խոստովանական ցուցմունք էր վարչապետից, որն անպայման պետք է ուսումնասիրվի։ Զինծառայողների հարազատները տուժող ճանաչվեցին, սակայն Փաշինյանը մեղադրյալի աթոռին չհայտնվեց:

Դեռ ամիսներ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն Factor.am-ի հարցին ի պատասխան նշել էր, որ վարչապետին մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը: Այս պահին այդպես էլ հայտնի չէ, թե երբ կավարտվի «էական հանգամանքների պարզում»-ը, իքրեական գործի մասով Քննչական կոմիտեն ևս այլ մանրամասներ այս պահին չի տրամադրում: