Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել

Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել
Իրավունք
13:33, 24 апрель 2023
Տիգրան Արզաքանցյանի ներկայիս կնոջը՝ Նատալյա Ռոտենբերգին, բանտարկություն է սպառնում, քանի որ նա հրաժարվել է վճարել ամուսնալուծության հարցով զբաղվող իր փաստաբաններին և չի ներկայացել դատարան:

Բրիտանական The Telegraph-ի փոխանցմամբ՝ բալետի հրահանգիչ Նատալյա Ռոտենբերգը տարիներ շարունակ դատարաններում վիճարկում էր իր նախկին ամուսնու՝ պատժամիջոցների ենթարկված օլիգարխ և Ռուսաստանի նախագահ Պուտինի մտերիմ ընկեր Արկադի Ռոտենբերգի հետ ամուսնալուծությունը՝ 27 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Սուրեյում գտնվող առանձնատան համար, որը, ըստ Ռոտենբերգի, դատարանը պետք է համարեր համատեղ սեփականություն և կիսեր դատական կարգով: 

Դատական գործընթացից այժմ մեկ այլ գործընթաց է ծնվել. պարբերականի տվյալներով՝ դատարանն ընդունել է, որ Նատալյա Ռոտենբերգը մատուցած ծառայությունների համար 11,5 հազար ֆունտ ստերլինգ չի վճարել Candey իրավաբանական ընկերությանը, ինչպես նաև մի քանի անգամ չի ներկայացել դատական նիստերին։ Ինչպես նշել են ընկերությունում, Ռոտենբերգը «որևէ կերպ չի արձագանքել» իր հետ կապ հաստատելու փորձերին։ 

Երկու լսումների չներկայանալու համար դատավորը Ռոտենբերգին արդեն իսկ դատապարտել է 3 շաբաթ ազատազրկման, սակայն նա հնարավորություն է ունեցել խուսափել ազատազրկումից, եթե դատական նիստին ներկայանար նախորդ հինգշաբթի օրը՝ ապրիլի 20-ին, ինչը չի եղել: Այդ օրը նորից դատարան չներկայանալու պատճառով դատարանը վճռել է, որ Նատալյա Ռոտենբերգը պետք է վճարի բոլոր ծախսերը, ինչպես նաև կարգադրել է, որ Ռոտենբերգի ձերբակալության օրդեր տրվի:

Candey իրավաբանական ընկերության փաստաբան Ջեյմս Թեյլորը լսումները նախագահող դատավոր Ամանդա Սթիվենսին հայտնել է, որ տիկին Ռոտենբերգն անտեսել է ծանուցումները, էլեկտրոնային նամակները և WhatsApp-ի հաղորդագրությունները, որով նրանից պահանջել են ներկայանալ դատարան՝ իր ունեցվածքի վերաբերյալ հարցաքննության համար: 

Նատալյա Ռոտենբերգը երկար ժամանակ փորձում էր դատարանի միջոցով հասնել ռուսաստանցի գործարարի հետ ամուսնական պայմանագրի անվավեր ճանաչմանը՝ փորձելով ստանալ նաև Ռոտենբերգի կարողության կեսը։ Դատական գործընթացն ավարտվել էր 2016 թվականի հուլիսին։ Արկադի Ռոտենբերգը Լոնդոնի դատարանին խնդրել էր չհրապարակել բաժանման պայմանները կամ որևէ մանրամասնություն գործից:

2020 թվականին Արկադի Ռոտենբերգը Մեծ Բրիտանիայի վերաքննիչ դատարանում սկսել էր դատական գործընթաց՝ փորձելով վիճարկել նախկին կնոջը Ռիբսդենում 27,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ առանձնատան փոխանցման հարցը, որը գտնվում է Լոնդոնի կենտրոնից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա՝ Սուրեյ կոմսության Բագշոթ գյուղի մոտ։

2021 թվականին դատարանը գործարարի օգտին որոշում է կայացրել: