Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը պահանջում է Գևորգ Կոստանյանից բռնագանձել 1,9 մլն ԱՄՆ դոլար․ դատախազը միջնորդեց թույլատրել լրացնել հայցի հիմքն ու առարկան

Դատախազությունը պահանջում է Գևորգ Կոստանյանից բռնագանձել 1,9 մլն ԱՄՆ դոլար․ դատախազը միջնորդեց թույլատրել լրացնել հայցի հիմքն ու առարկան
Իրավունք
18:07, 08 май 2023
Հակակոռուպցիոն դատարանում այսօր կայացավ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Դատախազությունը նախկին պաշտոնյայից և նրա հետ փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել ավելի քան 900 հազար դոլար արժողությամբ՝ Երևանի, Ծաղկաձորի և Ջրվեժի նրա տները, ինչպես նաև ավելի քան 1 միլիոն դոլար։ 

Այսօրվա դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը ներկայացրեց հայցի հիմքի և առարկայի փոփոխության թույլտվության միջնորդություն, որի բավարարման դեմ պատասխանող կողմը առարկել է։ Կոստանյանի պաշտպանների կարծիքով՝ դատախազությունը նման միջնորդություն ներկայացնել չի կարող, քանի որ այն չի բխում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածի կարգավորումներից։  

Այսպիսով պատասխանող կողմի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը դատարանից խնդրեց չբավարարել հայցվոր կողմի միջնորդությունը։  

Դատարանը կբավարարի՞, թե՞ կմերժի դատախազության միջնորդությունը՝ հայտնի կլինի հաջորդ դատական նիստի ժամանակ, որը նշանակվեց հունիսի 5-ին ժամը 15։00-ին։ 

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը որպես մեղադրյալ է ներգրավված Մարտի 1-ի գործով: Վերջինիս վերագրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված արարք: Խոսքը, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 38-314-րդ հոդվածի 1-ին մասի, 38-334-րդ հոդվածի 1-ին մասի և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մասին է, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելը,  պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:

Կոստանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, սակայն վերջինս բացակայում է երկրից։ 

Վովա Հակոբյան