Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դուք անաչառ չեք». Հովիկ Աբրահամյանի ապօրինի գույքի գործով դատական նիստի ընթացքում Աբրահամյանի թիկնազորի պետի ներկայացուցիչը բացարկ հայտնեց դատավորին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, շարունակվեց Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական հերթական նիստը։ 

Հիշեցնենք, որ դատախազությունը Աբրահամյանից և նրա հետ փոխկապակցված 10 անձանցից պահանջում է բռնագանձել 59 անշարժ գույք, տրանսպորտային 4 միջոց, 30 ընկերությունում մասնաբաժին և մոտ 21 մլրդ դրամ ապօրինի եկամտի մնացորդ։

Այսօրվա նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանի թիկնազորի պետ Բագրատունի Բարսեղյանի ներկայացուցիչը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ պատճառաբանությամբ, որ իրենք չեն ստացել և չեն ծանոթացել գործին կցված լազերային սկավառակներին։

Դատախազն առարկեց՝ նշելով, որ միջնորդությունն անհիմն է, քանի որ Բարսեղյանը պատշաճ ծանուցվել է։ Դատարանը ևս միջնորդությունն անհիմն որակեց և չբավարարեց։

Ապա միջնորդությամբ հանդես եկավ նաև Լիլիթ Պետրոսյանի ներկայացուցիչ Կարեն Տոնոյանը։ Մասնավորապես՝ դատարանը գույքի դիմաց վճարումներ կատարելու արգելանք է կիրառել։ Պետրոսյանի ներկայացուցիչը միջնորդեց վերացնել արգելանքը։

Լիլիթ Պետրոսյանը գործով համարվում է բարեխիղճ ձեռք բերող։ Հիշեցնենք, որ հենց Լիլիթ Պետրոսյանն է ձեռք բերել Աբրահամյաններին՝ մասնավորապես Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, պատկանող Ազատության պողոտա 1/6 հասցեում գտնվող մոտ 2,5 մլրդ դրամ արժողությամբ շքեղ առանձնատունը, որի վրա քրեական մեկ այլ գործով արգելանք էր կիրառված։ 

Պետրոսյանի ներկայացուցիչը նշեց, որ եթե Արգամ Աբրահամյանի հաշիվների նկատմամբ արգելանք է կիրառված, ապա Լիլիթ Պետրոսյանի կողմից այդ հաշիվներին վճարումներ կատարելու դեպքում դրանք Արգամ Աբրահամյանի կողմից տնօրինվել չեն կարող։

Կարեն Տոնոյանը նշեց, որ իր վստահորդի նպատակն է կատարել իր պարտավորությունները սահմանված ժամանակացույցում։

Ինչ վերաբերում է դատախազի հակադարձմանը, թե կողմերը կարող են նոր պայմանագիր ստորագրել և փոխանցումները կատարել երրորդ անձի կամ Արգամ Աբրահամյանին պատկանող դրսում գտնվող հաշվեհամարներին, որը չի վերահսկվում Հայաստանի Հանրապետության կողմից, Կարեն Տոնոյանն ասաց, որ դատախազությունն այլ մեթոդներ կարող է կիրառել։ Օրինակ՝ կարելի է հնարավորություն տալ վճարումները կատարել դատարանի կողմից բացված դեպոզիտային հաշվին։ 

Այս միջնորդությունը դատարանը կքննի առանձին դատական ակտով։

Ապա դատավորին բացարկ հայտնելու միջնորդությամբ հանդես եկավ Բագրատունի Բարսեղյանի ներկայացուցիչը՝ պատճառաբանելով, որ դատավորը անաչառ չէ։

Միջնորդությունը քննելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի մայիսի 19-ին։

Մանրամասն՝ տեսանյութում

 Վովա Հակոբյան