Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամերիաբանկ»-ի պահանջով հետախուզում է հայտարարվել Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի և նրա գույքի նկատմամբ

«Ամերիաբանկ»-ի պահանջով հետախուզում է հայտարարվել Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի և նրա գույքի նկատմամբ
Իրավունք
16:17, 05 июль 2021
Հուլիսի 1-ին Սնանկության դատարանի դատավոր Բագրատ Մկրտչյանի որոշմամբ՝ հետախուզում է հայտարարվել ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, վերջին ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի աջակից դարձած Առաքել Մովսիսյանի եւ և նրա գույքի նկատմամբ: 

ՀՀ սնանկության դատարանի 2021թ. մայիսի 26-ի որոշմամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի դիմումը՝ Առաքել Աբրահամի Մովսիսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել էր դատարանի վարույթ: 

Դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանը ծանուցումները է ուղարկել Առաքել Աբրահամի Մովսիսյանի` դիմումում նշված պարտապանի բնակության և հաշվառման վայրի հասցեով: Ծանուցմանը դատարանը կցել է դիմումը և որոշումը պարտապանին տրամադրելով 15 օրյա ժամկետ` իր սնանկությունը գրավոր վիճարկելու համար, սակայն ծրարները հետ են վերադարձվել դատարան` առանց հասցեատիրոջը հանձնվելու, նշումով` «Չպահանջված»:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ֆիզիկական անձ պարտապանը, փաստացի իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատեր պարտապանը կամ իրավաբանական անձ պարտապանի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ, ապա դատարանն իր նախաձեռնությամբ հետախուզում է հայտարարում պարտապանի (պարտապանի ղեկավարի) և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի նկատմամբ:

Հետևաբար նկատի ունենալով, որ ֆիզիկական անձ պարտապանը բացակայում է իր բնակության (գտնվելու) վայրից և վերջինիս բնակության վայրը չի բացահայտվել, դատարանը գտնում է, որ Առաքել Աբրահամի Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ պետք է հայտարարել հետախուզում:

Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 103-րդ հոդվածի պահանջները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-200-րդ հոդվածներով՝ դատարանը որոշել է Առաքել Աբրահամի Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ հայտարարել հետախուզում:

Որևէ գույք հայտնաբերելու դեպքում արգելանք դնել դրա վրա: