Այսօր պատասխանում էի հերթական հարցին, որ վերաբերում էր դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցմանը և դրա շուրջ հերթական ձևախեղումներին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Իրականում բոլոր նմանատիպ հարցերի խորքային պատասխանը մեկն է.
Մենք վախենում ենք գիտելիքից։ Մեզ թվում է՝ եթե ավելի խորությամբ իմանանք մեր պատմությունը, դրա բոլոր շերտերով, կդադարենք այն գնահատել։ Մեզ թվում է՝ եթե սովորենք այլ լեզուներ, կձուլվենք կամ կնմանվենք այդ ազգերին՝ կորցնելով մեր ինքնությունը։ Մեզ թվում է՝ եթե դուրս գանք մեր բնակավայրից և ճանաչենք այլ բնակավայրերը, այլ երկրները, այլևս հետ չենք դառնա և չենք ապրի մեր բնակավայրում, մեր երկրում։
Ու մեզ համար գուցե աննկատ, բայց ոմանց կողմից շատ մտածված, մեր գիտելիքը տևական ժամանակի համար փոխարինվել է նրանով, ինչ մատուցվել է որպես գիտելիք՝ կոնկրետ շահերի և օրակարգերի համար։
Ես վստահ եմ, որ մեր պատմությունը խորությամբ ճանաչելը միայն մեծացնում է մեր սերը մեր երկրի հանդեպ, որ տարբեր լեզուներ իմանալը միայն օգնում է ավելի լավ ըմբռնել ու տեսնել հայերենի նրբերանգները ու հարստությունը, որ այլ երկրներ ու բնակավայրեր տեսնելը վերագնահատում է մեր ունեցածի կարևորությունն ու նշանակությունը։
Որովհետև գիտելիքը միայն փաստերի ամբողջություն չէ, այն միշտ համադրված է արժեքների ու դիրքորոշումների հետ, որոնք այս բարդ աշխարհում մեր ուղենիշներն են։ Գիտելիքը չի մեր վտանգը, այլ դրա բացակայությունը»,-նշել է նախարարը։