Ռուսական զորքերը ապրիլի լույս 4-ի գիշերը հարձակվել են Ուկրաինայի վրա՝ օգտագործելով 20 «Շահեդ» հարվածային դրոններ, հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։ Ընդհանուր առմամբ, ուկրաինացի զինվորականների տվյալներով, հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 11 անօդաչու։ 15 անօդաչուներ գրոհել են Խարկովը, հայտնել է Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Դրոնները գրոհել են քաղաքը մի քանի ալիքներով, հարվածի տակ են հայտնվել բնակելի շենքեր, այնտեղ հրդեհներ են բռնկվել, հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ինչպես հայտնել է Խարկովի ղեկավար Իգոր Տերեխովը, «Շահեդները» հարվածել են առնվազն երեք բնակելի շենքի։ Մեկ անօդաչու ընկել է 14-հարկանի շենքի վրա, ինչի հետևանքով, Տերեխովի խոսքով, փլուզվել են մի քանի հարկերի բնակարաններ, վնասվել արտաքին պատը։ Մեկ այլ վայրում, ինչպես հայտնել է քաղաքապետը, բնակելի թաղամասի վրա անօդաչուի կրկնակի հարվածի ժամանակ զոհվել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության երեք փրկարարներ, տուժել են մեկ փրկարար և շտապօգնության բուժքույր։ Ընդհանուր առմամբ, իշխանությունների տվյալներով, Խարկովում զոհվել է չորս մարդ՝ երեք փրկարար և մեկ խաղաղ բնակիչ։ 12 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։ Դրոնների գրոհի պատճառով Խարկովի որոշ շրջաններում հոսանքազրկումներ են տեղի ունեցել։