Ծանր վիրավորանքով հարուցված գործերը կկարճվեն, սակայն անձինք կարող են քաղաքացիաիրավական տիրույթում դիմել դատարան. ԱՆ մամուլի քարտուղար
Ծանր վիրավորանքը հուլիսի 1-ից ապաքրեականացվում է։ Գրեթե մեկ տարվա ընթացքում այս հոդվածով հարուցված բոլոր քրեական գործերը ենթակա են կարճման։

ՀՀ արդարադատության մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը Civic.am-ին մեկնաբանեց, որ գործող օրենսգրքին համապատասխան ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված գործերը ենթակա են կարճման և անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման նոր օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո, քանի որ քրեական նոր օրենսգիրքը չի նախատեսում պատասխանատվություն այդ արարքի համար։ 

ՀՀ ԱՆ մամուլի քարտուղարն ընդգծեց՝ եթե անձի դեմ այլ հոդվածով էլ է քննություն իրականացվում, ապա միայն ծանր վիրավորանքի հոդվածն է կարճվում։ 

«Սակայն անձը կարող է քաղաքացիաիրավական տիրույթում դիմել դատարան` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածով սահմանված գործիքներից օգտվելու համար»,-հավելեց Մարիամ Մելքումյանը։

Նշենք, որ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը սահմանում է անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը

Հիշեցնենք, որ ծանր վիրավորանքը քրեականացվել է 2021թ. օգոստոսին։ 

Նարա Մարտիրոսյան