Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել 2010 թվականին բանակում մահացած Արտակ Նազարյանի գործով։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ իշխանությունները չեն երաշխավորել զինծառայողի կյանքի իրավունքը, բացի այդ, ձախողել են գործի անաչառ քննությունը:
Հիշեցնենք՝ հարազատները կասկածի տակ էին դնում պաշտոնական վարկածը, թե Նազարյանն ինքնասպանություն է գործել: ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ ընդգծել է, որ պետությունը պատասխանատվություն է կրում ծառայության ընթացքում ինքնասպանության գնացած զինվորի համար։ Ըստ ՄԻԵԴ որոշման. «Զինված ուժերում հոգեբանական օգնության համակարգի բացակայության պատճառով նման աջակցություն Արտակ Նազարյանին չի ցուցաբերվել՝ չնայած ակնհայտ ռիսկին, որ նա կարող է ինքնասպան լինել»։
Դատարանը պարտավորեցրել է Նազարյանի հարազատներին վճարել 20 հազար եվրո որպես ոչ-նյութական փոխհատուցում և 3500 եվրո` դատական ծախսերի համար։
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու համար մեղավոր էին ճանաչվել նրա հինգ ծառայակիցները. 2013֊ին դատարանը նրանց դատապարտել է 3-10 տարվա ազատազրկման: