Սերժ Սարգսյանի գործով վկան դատարան էր ներկայացել առանց լսողական սարքի, Բարսեղ Բեգլարյանի պաշտպանն էլ չէր ներկայացել. նիստը կրկին հետաձգվեց. տեսանյութ
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, կայացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի և մյուսների գործով դատական նիստը։ 

Այսօրվա դատական նիստին ներկա էր նաև գործով վկա Սևակ Քոչարյանը, որը պետք է հարցաքննվեր, սակայն ներկայացել էր առանց լսողական սարքի։ Վկայի խոսքով՝ լսողական սարքի ձեռքբերման խնդիրը չի լուծվել, ուստի հարցաքննությունը հետաձգվեց։ Նա նախորդ երեք դատական նիստերին չէր ներկայացել, որի պատճառով էլ նիստերը հետաձգվել էին, թեպետ դատավորի խոսքով՝ ծանուցել են վկային: «Ծանուցումները հետ են վերադարձվել չպահանջված նշումով»,- ասաց դատավոր Վահե Միսակյանն ու ընդգծեց, որ նույնիսկ ոստիկանության միջոցով են ստիպված եղել բերման ենթարկել, սակայն վկայի կինն ասել է, որ ամուսինը տանը չէ։ 

«Դատական նիստին ներկայանալը ձեր պարտականությունն է, Դուք ունեք վկայի կարգավիճակ»,- ասաց դատավոր Վահե Միսակյանն ու հավելեց՝ հաշվի առնելով, որ դատարանում հրապարակվելու է հաջորդ նիստի օրն ու ժամը, հետևաբար վկան կհամարվի պատշաճ ծանուցված։  

Այսօր դատական նիստին չէր ներկայացել նաև Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը։ Պաշտպանը ծանուցել էր դատարանին՝ տեղյակ պահելով իր հիվանդության մասին, ու ըստ ծանուցման՝ պատրաստակամություն էր հայտնել հաջորդ նիստին ներկայացնել փաստաթղթեր իր առողջության խնդրի վերաբերյալ։ Դատավորն ընդգծեց, որ առողջական փաստաթղթերն ստանալուց հետո միայն դատարանը կքննարկի՝ արդյոք պաշտպանի բացակայությունը հարգելի՞ է, թե՞ ոչ։ Քանի որ Բարսեղ Բեգլարյանն այլ պաշտպան չուներ, դատական նիստը հետաձգվեց։ 

Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 24-ին, ժամը 12։30-ին։ 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարելու, իսկ Բարսեղ Բեգլարյանը պետական միջոցներից 489,160,310 ՀՀ դրամի վատնում կատարելու մեջ։