2022 թվականի հոկտեմբերի 12-ին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Ա․Հ․-ի նկատմամբ
հարուցել հանրային քրեական հետապնդում՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաև դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ և 314.3-րդ հոդվածի 2-րդ մաս):
Որոշումը կայացվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա:
Որոշման մասին «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքով նախատեսված կարգով իրազեկվել է ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը, որից հետո դատավոր Ա.Հ.-ին ներկայացվել է մեղադրանք:
2022 թվականի նոյեմբերի 8-ին քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և վարույթի նյութերը դատարան հանձնելու միջնորդությամբ:
2022 թվականի նոյեմբերի 10-ին հսկող դատախազն իր որոշմամբ հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:
Civic.am-ի տեղեկություններով՝ խոսքը Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանի մասին է։ Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) համաձայնություն էր տվել դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդություններին, որ ներկայացվել էին նախորդ օրը: Դրանից հետո ԱԱԾ-ն միջնորդություններ էր ներկայացրել դատարան` դատավորների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Գևորգ Նարինյանը կալանավորվեց, իսկ Կուբանյանի խափանման միջոցի վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը մերժվեց: Հուլիսի 21-ին դատավորների լիազորությունները դադարեցվեցին:
Գևորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։
Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը նույնպես որպես մեղադրյալ էր ներգրավված այս գործով: Ըստ գործի նյութերի՝ Անի Հարությունյանը նույնպես մեղադրվում էր փողերի լվացմանն օժանդակելու մեջ, քանի որ փոխառություն էր տվել Նարինյանին։
ԲԴԽ-ում Անի Հարությունյանի վերաբերյալ քննվել էր նաև կեղծ հայտարարագիր լրացնելու դրվագը:
Վերջինիս հայտարարագրում գրված է, որ ինքը՝ որպես փոխառություն է տվել x գումար (գումարը, ըստ դատավոր Հարությունյանի՝ ինքը տվել է Գևորգ Նարինյանին։- Գ.Ս.), սակայն հետագայում պարզվել է, որ իրականում նման բան չի եղել, ինչը նշանակում է հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնել: Իսկ քանի որ հայտարարագիր լրացնելը բխում է դատավորի լիազորություններից, այդ իսկ պատճառով նախաքննական մարմինը հիմա ԲԴԽ-ում զուտ Անի Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու հարց է լուծում, առանց կալանքի թույլտվության: