Մարինա Խաչատրյանն ասում է՝ ես Սաֆարյանի 6 խոսքից եմ վիրավորվել, դատարանն ասում է՝ չէ, աղջիկ ջան, դու չգիտես, դու 25-ից ես վիրավորվել. Սաֆարյանը միջնորդեց բացարկ հայտարարել դատավոր Գաբրիելյանին. տեսանյութ
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում շարունակվեց Մարինա Խաչատրյանն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի քաղաքացիական հայցով դատական նիստը։ 

2019 թվականին Մարինա Խաչատրյանը, այսպես կոչված, ակցիա է իրականացնում Ստյոպա Սաֆարյանի ղեկավարած Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի շենքի առաջ, որից հետո Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում կոշտ գրառում է կատարում։ Մարինա Խաչատրյանը գրառման հիմքով իրեն վիրավորելու և զրպարտելու համար հայց է ներկայացնում դատարան։
Դատական նիստը անցկացվում էր դռնբաց, սակայն դատարանը հայցվորի պահանջով արգելել էր նիստը տեսաձայնագրել։ Այս որոշումը Ստյոպա Սաֆարյանը ոչ օրինական է համարում։ 

Սաֆարյանը և իր պաշտպանը սրա հիմքով մեկ անգամ արդեն բացարկ էին ներկայացրել դատավորի նկատմամբ, որը մերժվել էր։ Այսօր արդեն Սաֆարյանը և իր պաշտպանը նոր բացարկ հայտնեցին դատավորի նկատմամբ՝ պատճառաբանելով, որ դատարանը անկախ և անաչառ չէ իր կայացրած որոշումներում։

Ի դեպ, այսօրվա դատական նիստին հայցվոր կողմը չէր ներկայացել՝ գրավոր կերպով տեղեկացնելով դատարանին, որ իրենց ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի Մարինա Խաչատրյանի պաշտպանը ծանոթանա գործի մանրամասներին։ Սաֆարյանը սա ևս տարօրինակ է համարում, քանի որ նախորդ դատական նիստը տեղի է ունեցել 4 ամիս առաջ, և Խաչատրյանը բավարար ժամանակ ուներ պաշտպան ներգրավելու և այդ գործերին ծանոթանալու համար։ Այդ իսկ պատճառով պատասխանող կողմը նախ դատարանի ուշադրությունը հրավիրեց հանգամանքի վրա, որ հայցվոր կողմը չի խնդրել դատական նիստը հետաձգել, հետևաբար պետք է դատական նիստը շարունակել առանց հայցվոր կողմի ներկայության, որպեսզի չխախտվի իր արդար դատաքննության իրավունքը։

Ի վերջո, դատարանը հետաձգեց դատական նիստը։ Հաջորդ նիստը կկայանա սույն թվականի նոյեմբերի 22-ին։ Դատարանը այդ օրը հրապարակելու է պատասխանող կողմի բացարկի միջնորդության իր որոշումը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան