Զանգվածային անկարգությունների կատարմանն օժանդակելու, լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ մեղադրվող Գերասիմ Վարդանյանը շուտով ազատության մեջ կլինի, խափանման միջոցը փոխվել է
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավով, հայտնում է պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Գերասիմը շուտով կլինի ազատության մեջ» , – գրել է Բենիկ Գալստյանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի դադարի օրը՝ Երևանում, 2020թ․ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կատարված գործողությունների համար։ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 38-225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների կատարմանն օժանդակելու, ինչպես նաև ՔՕ 164 հոդվածի հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։ 

2020թ․-ի նոյեմբերի 10-ին «Ազատություն» ռադիոկայանից հայտնեցին, որ գիշերը 04։00-ի սահմաններում մոտ 4 տասնյակ տղամարդ փորձել են ներխուժել «Ազատության» գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին․ «Նրանք ասում էին, որ եկել են «Ազատության» սերվերների հետևից։ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու։ Խումբը լքել է տարածքը, երբ աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել։ Նշենք, որ գրասենյակ ներխուժել փորձողների մեջ էր նաև ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը»,-գրել էր լրատվականը։