Հակակոռուպցիոն դատարանում ընթացող Վովա Գասպարյանի, Լյովա Երանոսյանի և մյուսների գործով դատական նիստին ներկա էին միայն լրագրողները. նիստը հետաձգվեց կողմերի բացակայության պատճառով
Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Վովա Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նիստին ներկա էին միայն դատավորը և լրագրողները, կողմերից ոչ մեկը չէր ներկայացել։

Լյովա Երանոսյանի պաշտպանը դատարանին գրավոր կերպով տեղեկացրել էր, որ չի կարող ներկա գտնվել դատական նիստին, քանի որ այս նույն օրը, նույն ժամին գտնվում է Ծաղկաձոր քաղաքում՝ վերապատրաստման սեմինարի։
 
Վովա Գասպարյանի պաշտպան Հակոբ Մանուկյանն էլ դատարանին տեղեկացրել էր, որ ՀՀ Արդարադատության ակադեմիայում մասնակցում է դատավորների թեկնածուների հավակնորդների ուսուցման դասընթացին։ Կողմերը խնդրել էին դատարանին բացակայությունները համարել հարգելի և դատական նիստը հետաձգել։ 

Միևնույն ժամանակ, դատարանի կազմին են զանգել գործով մյուս պաշտպաններ Սաֆարյանն ու Խաչիկյանը, ինչպես նաև մեղադրող դատախազ Ենոքյանը, ովքեր, պարզելով, որ առկա են դիմումներ պաշտպաններ Մանուկյանից և Հայրապետյանից, և տեղեկանալով, որ վերջիններս առարկել են առանց իրենց ներկայության նիստը շարունակել, խնդրել են այսօրվա դատական նիստին չներկայանալ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ դատական նիստը ամեն դեպքում հետաձգվելու է։ 

Դատարանը որոշեց, որ առանց կողմերի ներկայության դատական նիստը շարունակել հնարավոր չէ, և հետաձգեց նիստը՝ նոր նիստ նշանակելով կողմերի հետ նախապես համաձայնեցված օրը և ժամին, մասնավորապես՝  սույն թվականի նոյեմբերի 24-ին, ժամը 10։00-ին։
 
Վովա Հակոբյան