Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հանելը»․ ԱԺ նախագահ

«Անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հանելը»․ ԱԺ նախագահ
Քաղաքականություն
17:10, 25 август 2021
«Խստորեն դատապարտում եմ այն բռնությունը, որը տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում։ Բռնությունը արդարացում չունի և անընդունելի է»,-այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա տեղեկացրեց, որ շատ տարբեր  իրավիճակներ, որոնց իրենք ականատես են եղել, հիմա քննարկման առարկա են դարձել և որոշակի լուծումներ են գտնելու՝ այդ իրավիճակներից խուսափելու համար։ 

«Մասնավորապես ես համարում եմ, որ անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հանելը։ Եվ ես քննարկել եմ  գործընկերներիս հետ և Աստված մի արասցե, եթե կրկին նման իրավիճակ լինի, ես կարծում եմ, որ մենք որևիցե ձևով պետք է լրագրողներին այնտեղից չհանենք։ Չնայած կա մտավախություն՝ անվտանգությանն ինչ-որ բան սպառնա, հետո կա կարծիք և այդ կարծիքն իրոք ունի իր ապրելու իրավունքը, որ ճիշտ չէ, որ պատգամավորների կամ որևիցե մեկի լուսանկարը կամ տեսանյութը այն վիճակում, որ հարվածում են կամ ինքը գետնին է ընկնում կամ ինչ-որ նման իրավիճակ է լինում, դուրս գա եթեր։ Չգիտեմ՝ գիտեք, թե չէ,  տարբեր սպորտային կազմակերպություններում, միջազգային կազմակերպություններում կա կոնկրետ որոշում, որ օրինակ նման իրավիճակներում ռեժիսորները, որոնք լուսաբանում են ֆուտբոլային  խաղ կամ որևէ քաղաքական իրադարձություն, կադրը փոխում են, որպեսզի կոնկրետ այդ մարդկանց արժանապատվությանը և բարի համբավին, որևիցե մեկը չկարողանա վնաս հասցնել։ Այնուամենայնիվ առաջնայինը կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք, որ ընդհանրապես նման իրավիճակներից խուսափենք»,-ասաց Ալեն Սիմոնյանը։

Նա նաև հիշեցրեց, որ եղել է դեպք, որ լրագրողները ներխուժել են ԱԺ նիստերի դահլիճ, ինչն անելու իրավունքը չունեին։ 

Լրագրողները հակադարձեցին, որ օթյակը փակ էր, ինչին արձագանքելով՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ նույնիսկ, եթե ամեն ինչն է փակ, լրագրողներն իրավունք չունեն մտնելու ԱԺ նիստերի դահլիճ։