Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կուսակցություն է բացում, բայց չի դավաճանում և ցտեսություն չի ասում

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կուսակցություն է բացում, բայց չի դավաճանում և ցտեսություն չի ասում
Քաղաքականություն
20:30, 26 январь 2024
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ Հայկ Մարությանը մտադիր է կուսակցություն ստեղծել։ Լուրն այս, որի մասին օրերս գրել էր կայքերից մեկը, հաստատել է «Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության  անդամ Հայկ Գրիգորյանը՝ նշելով՝ Մարությանն այս գաղափարի շուրջ կիսվել է նաև խմբակցության անդամների հետ։  

Ի՞նչ տարաձայնություն է առաջացել, որ  Մարությանը որոշել է ձեզ հրաժեշտ տալ՝ հարցին «Առավոտ»-ի հետ զրույցում Գրիգորյանը պատասխանել է. «Ձեր հարցի մեջ սխալ դատողություն կա: Ինքը չի հեռանում «Ազգային առաջընթացից», որովհետև ինքը ֆրակցիայի անդամ է, մնում է ֆրակցիայի անդամ: Ինքը մեր կուսակցության անդամ երբեք չի էլ եղել, որ լքի: Ինքը ուղղակի որոշում է կայացրել հիմնել կուսակցություն, այդքան բան: Ավելի մանրամասն երևի մոտակա ամիսներին կիմանաք, որովհետև այս պահին չկա հստակ որևէ բան: Ամեն դեպքում լքելու մասին խոսք չկա»: 

Գրիգորյանն, ի դեպ, «դավաճանություն» չի որակում Երևանի նախկին քաղաքապետի այս որոշումը, չի էլ համարում, որ  այսպիսով նախկին քաղաքապետն իրենց ցտեսություն է ասում։  «Մեր ֆրակցիան չի տրոհվում, որպես Երևանի ավագանու անդամ, մնում է անսասան, նույն սկզբունքներին հավատարիմ, նույն մարդկանց կազմով»,- մասնավորապես նշել է Գրիգորյանը։ 

Սեփական կուսակցությունն ունենալու  Մարությանի որոշումը, ըստ լուրերի, պայմանավորված է վերջինիս քաղաքական հեռահար նկրտումներով՝ նա մտադիր է մասնակցել 2026-ի ԱԺ ընտրություններին, և որպեսզի «փորձության ժամին» ստիպված չլինի բախել տարբեր քաղաքական ուժերի դռները, այժմվանից աշխատանք է տանում, այսպես ասած,   իր «սեփական կատուն»  ունենալու ուղղությամբ։  «Այս պահի դրությամբ կա նման գաղափար իր կողմից, կիսվել է, որ նպատակ կա հիմնադրելու կուսակցություն: Այդքան բան: Դրանից ավելի կարող եք այդ մամուլին հարցնել՝ ինչի են նման բաներ գրում: Դա այդ մարդու որոշումն է՝ իր թիմակիցների հետ բացելու կուսակցություն»,-մասնավորապես ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության խորհրդի անդամը՝ փորձելով մեկնաբանել Մարությանի հեռահար նպատակների մասին դիտարկումը։ 

Նկատենք, որ «Ազգային առաջընթաց»-ն այն կուսակցությունն է, որը Հայկ Մարությանը որպես տրամպլին օգտագործեց երկրորդ անգամ քաղաքապետ դառնալու իր ամբիցիան բավարարելու համար։ Բայց ինչպես հայտնի է՝ «գետն ամեն անգամ գերան չի բերում»։ «Բերել» ասացինք, հիշեցինք. 2018-ին ոչ միայն գետը գերան բերեց, այլև  «բերեց» Մարությանի «բախտը»՝ հեղափոխական ալիքից հետո ՔՊ-ին անդամագրված Հայկ Մարությանը, «Իմ քայլը» դաշինքով մասնակցելով ընտրություններին,  դարձավ Երևանի քաղաքապետ։ Իսկ 2023-ին,  փաստորեն,   չստանալով բախտից ակնկալածը, այժմ որոշել է սեփական տնօրինման տակ գտնվող նոր քաղաքական պրոյեկտ գլուխ բերել։ 

Ուշագրավ է, որ «Ազգային առաջընթաց»  կուսակցության քաղաքապետի թեկնածուն դեռ ավագանու ընտրություններից ամիսներ առաջ Հայկ Գրիգորյանն էր, սակայն նա իր ամբիցիաներից հրաժարվեց՝ թույլ տալով  Մարությանին օգտագործել կուսակցությունն ու  իր դեմքով  մասնակցել   ՏԻՄ ընտրություններին։ Քաղաքական գործարքի էությունը տրամաբանական էր՝ «Ազգային առաջընթաց»-ին Երևանի հանրությունը չէր ճանաչում, հետևապես սույն ուժի օգտին ստացվելիք ձայները չնչին էին լինելու։  Հայկ Գրիգորյանը որոշեց հաշվենկատ քայլ անել՝ նախքան ընտրությունները զիջել, որ ընտրություններից հետո ստանա, սակայն երևանցիների քվեարկությունը ի չիք դարձրեց Հայկի  և «Կարգին Հայկոյի» նախընտրական պլան-հավակնությունները։ 
 
Հ. Մ.