Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արշակ Կարապետյանը` լինելով Պնախարար, կամ չի իմացել ադրբեջանցիների ներխուժման մասին, կամ ինձ չի զեկուցել. Փաշինյան

«Մեր քաղաքականությունն այն է, որ պատերազմ պետք է չլինի, էական չէ, պատրաստ ենք, պատրաստ չենք, որովհետև մենք գնում ենք խաղաղության օրակարգի հետևից։ Պատերազմին պատրաստվելը շատ լայն հասկացություն է, ի՞նչ պատերազմի, իսկ ո՞վ է այսօր պատրաստ պատերազմի, իսկ ո՞ր պատերազմին է պատրաստ, ի՞նչ մասշտաբի պատերազմի է պատրաստ, քանի՞ երկրի դեմ պատերազմի է պատրաստ։ Այսինքն՝ դրանք հարցեր են, որոնց վերաբերյալ կարելի է քննարկել, ցանկալի է՝ գաղտնի ռեժիմով, բայց անկախ նրանից, մենք պատրաստ ենք, պատրաստ չենք, մեր քաղաքականությունն այն է, որ պատերազմ պետք է չլինի»,- այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով նաև այն հարցին, թե Կրեմլի ցուցումով է արդյոք նշանակվել ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը, վարչապետն ասաց, որ իր կարծիքով այդտեղ թյուր ըմբռնում կա, բայց չի ուզում թաքցնել, որ Արշակ Կարապետյանի նշանակման հարցում ամենևին էլ անտեսված չեն եղել նրա մոտ հարաբերությունները ՌԴ մի շարք անձանց և շրջանակների հետ։ 

«Մյուս կողմից եկեք արձանագրենք, որ Արշակ Կարապետյանը գոնե իմ պաշտոնավարման ընթացքում, գուցե նաև 3-րդ հանրապետության պատության մեջ ամենակարճ պաշտոնավարած պաշտպանության նախարարն է, որովհետև այդ ընթացքում եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, եղել են 2021 թվականի մայիսի իրադարձությունները, հետո եղել են 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Եվ ես որոշում եմ կայացրել նրան հանել աշխատանքից։ Իսկ պատճառը եղել է այն, որ 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Արշակ Կարապետյանն ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանգիստ է և հանդարտ։ Մինչդեռ իր զեկուցման պահին, մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել»,- ասաց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ Արշակ Կարապետյանը, լինելով նախարար, երկու տարբերակ կա, կամ դրա մասին տեղյակ չի եղել, կամ տեղյակ լինելով իրեն չի զեկուցել։

Մանրամասները՝ տեսանյութում