Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լաչինում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները հստակ սադրանք են. Նպատակը՝ քաղաքական

Լաչինում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները հստակ սադրանք են. Նպատակը՝ քաղաքական
Քաղաքականություն
19:45, 09 сентябрь 2021
«Քաշաթաղի շրջանում անցկացվող զորավարժանքները 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթի կետերի խախտում է։ Ըստ այդ փաստաթղթի՝ Թուրքիան ռազմական ներկայացվածություն պետք է ունենար միայն Ակնայի շրջանում, այն էլ՝ մոնիթորինգային աշխատանքների շրջանակներում Ռուսաստանի հետ համատեղ։ Թուրքիան խախտել է պայմանավորվածությունը, և սա միանշանակ սադրանք է»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ից Լաչինի շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները: Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության՝ ադրբեջանցի և թուրք զինվորականների մասնակցությամբ ընթացող զորավարժությունների գլխավոր նպատակը ռազմական գործողությունների ժամանակ համագործակցության կատարելագործումն է, ինչպես նաև հրամանատարների ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը, ինչպես նաև բարդ ռելիեֆում ժամանակակից ռազմական տեխնիկայից օգտվելու զինծառայողների հմտությունների ավելացումը։

Ըստ փորձագետի՝ այս զորավարժությունների նպատակը բոլորովին այլ է, միտումը սադրելն է։ Ընդ որում, ոչ միայն Հայաստանին, այլև ակտիվ միջնորդական առաքելություն իրականացնող Ռուսաստանին:

 «Սրանք միանշանակ սադրիչ գործողություններ են, և դրա մասին է վկայում այն փաստը, որ այս զորավարժանքներին մասնակցում են բավականին սակավ թվով մարդիկ, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից աղմուկը շատ ավելի մեծ է։  Թուրքիայի իրական նպատակն այն է, որ նման գործողություններով կարողանա Ռուսաստանին, նախևառաջ որպես միջնորդական կողմ, դուրս մղել այս գործընթացից, խաղաղապահ առաքելությունից և  որպես միջնորդական առաքելություն իրականացնող հենց Թուրքիային ընդգրկել այս ամբողջ գործընթացում։ Այսինքն՝ երկու նպատակ կա՝ Ռուսաստանին նախ՝ որպես խաղաղապահ, դուրս մղել տարածաշրջանից, քանի որ եթե Ռուսաստանը պատասխանի այս սադրանքներին և որևէ գործողություն իրականացնի, ապա կդիտվի որպես ոչ անկողմնակալ և ոչ օբյեկտիվ ու չի կարող մնալ որպես խաղաղապահ։ Սա է սադրանքի նպատակը»,-ասաց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանին էլ նրանով են սադրում, որ Հայաստանն ի վերջո որևէ ռազմական գործողություն ձեռնարկի, և իրենք Սյունիքի մարզում իբրև թե պատասխան գործողություն իրականացնեն և իրենց  գործողությունները արդարացնեն։ 
Նշենք, որ ՀՀ արտգործնախարարությունն արդեն արձագանքել և ռիսկային է որակել  զորավարժությունների անցկացումը։ ՀՀ ԱԳՆ-ն թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում է որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը։

Ըստ փորձագետի՝ Հայաստանը, բացի նմանատիպ հայտարարություններից, պետք է նաև միջազգային հանրությանը մեսիջներ հղի, որ իրականում խաղաղության  միտված Հայաստանը չի կարող դրան միակողմանի գնալ, եթե Ադրբեջանը և Թուրքիան հենց  ՀՀ սահմանին, վիճահարույց շրջաններում, մարդասիրական միջանցքի մոտ ինչ-որ զորավարժանքներ  են անցկացնում: «Հայաստանը պետք է մեսիջներ ուղարկի, բողոքի նոտա հղի և ակնկալի կոշտ արձագանք։ Հայաստանը պետք է աշխատի այն ուղղությամբ, որ գոնե Թուրքիային այլևս թույլ չտա այդ տարածքներում զորավարժություններ անցկացնել»,- նկատեց Հովհաննիսյանը։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանից դժվար թե որևէ արձագանք լինի այս սադրանքներին, սակայն միևնույն ժամանակ   ակնկալվում է ռուսական կողմի քայլերի կոշտացում Ադրբեջանի նկատմամբ։ «Պաշտոնապես ոչինչ չեն ասելու Ադրբեջանին, բայց պրակտիկորեն որոշակի կոշտացումներ կլինեն»,- եզրափակեց փորձագետը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ևս նկատեց, որ Հայաստանի ու Արցախի միակ կապն ապահովող շրջանում այս զորավարժությունների փաստը շատ մտահոգիչ է, հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարության ոգուն, և ակնհայտ է, որ դրա իրական նպատակը քաղաքական է. «Դա ոչ միայն և ոչ այնքան ռազմական միջոցառում է, որքան հստակ քաղաքական քայլ՝ այն իմաստով, որ դրան անդրադարձել է արտգործնախարարությունը։ Ես կարծում եմ, որ  միայն հայտարարությամբ չպետք է բավարարվել, այլ սերտորեն աշխատել միջազգային գործընկերների հետ՝ դիվանագիտական խողովակներով չեզոքացնելով հնարավոր վտանգները»,- ասաց Մեհրաբյանը։    

Նշենք, որ  այս տարվա փետրվարի 1-12-ը Կարսում Թուրքիայի կողմից զորավարժությունների անցկացումից զատ՝ Թուրքիան և Ադրբեջանը վերջին անգամ համատեղ զորավարժություններ էին անցկացրել հուլիսին՝ հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից մի քանի շաբաթ առաջ: Լայնամասշտաբ զորավարժությունները անցկացվում էին Ադրբեջանի ողջ տարածքում, այդ թվում՝ Նախիջևանում, Բաքվում, Գյանջայում։ Դրանց մասնակցում էին երկու երկրների ինչպես ցամաքային զորքերի, այնպես էլ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։ Ըստ լրատվամիջոցների՝ հենց այդ զորավարժություններից հետո Թուրքիան իր սպառազինության և խմբավորումների զգալի մասը թողեց Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակողական գործողության նախագծումը և իրագործումը համակարգելու համար: