Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս նախագիծը ոչինչ չի փոխում․ ԱԺ բոլոր հանձնաժողովները զբաղվում են նաև Արցախի հարցերով․ Վլադիմիր Վարդանյանը՝ Աղվան Վարդանյանին

Այս նախագիծը ոչինչ չի փոխում․ ԱԺ բոլոր հանձնաժողովները զբաղվում են նաև Արցախի հարցերով․ Վլադիմիր Վարդանյանը՝ Աղվան Վարդանյանին
Քաղաքականություն
12:59, 10 сентябрь 2021
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիշատակեց, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի 1-ին նիստում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն առաջարկել էին հանձնաժողովների ձևավորման ընթացքում ձևավորել առանձին  Արցախի հարցերով հանձնաժողով, որի մասին քննարկում եղավ ԱԺ-ում, և մերժվեց այդ որոշումը. «Գտնում էին, որ մենք ունենք արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողով, և այդ հանձնաժողովի հիմնական գործառույթները պետք է լինեն նաև Արցախի հարցերը։ Բայց պետք է շեշտեմ, որ մեր 12 հանձնաժողովների գործառույթների մեջ որևէ բառ չկա Արցախի մասին։ Սակայն ես հիշում եմ ելույթներ, որ ասում էին՝ նոր հանձնաժողով պետք չի ստեղծել, ավելի ճիշտ է արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը վերանվանել արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի հանձնաժողով»։  

Աղվան Վարդանյանը մեջբերեց նաև ԱԺ փորձագիտական և վերլուծական հարցերի հանձնաժողովի եզրակացության մեջ նշված արտահայտությունը՝ քանի որ կա արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողով, իմաստ չունի այն վերանվանել: «Սա, կարծում եմ, այս հանձնաժողովի քաղաքական գնահատականն է և այտեղի քաղաքական գնահատականն է»,- ասաց պատգամավորը։ 

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը հետաքրքրվեց Աղվան Վարդանյանից՝ արդյոք Աղվան Վարդանյանն ուզո՞ւմ է անվանափոխվի հանձնաժողովի անունը, ու միայն մեկ խողովակով քննարկվեն Արցախի հարցերը, և մյուս 11 հանձնաժողովները ձեռնպահ մնան Արցախի հարցերը քննարկելուց։  

Ի պատասխան ՔՊ պատգամավորի՝ Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Մենք ունենք 12 հանձնաժողով, այդ թվում՝ եվրոպական ինտեգրման հարցերի և տարածաշրջանային եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովներ, որոնց գործառույթներն առնչվում են արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովին, բայց սա չի նշանակում, որ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը ծածկում է ամբողջ դաշտը։ Ես չէի ուզենա, որ մեր խորհրդարանական բոլոր գործառույթները մենք նեղացնեինք ու տեղավորեինք միայն հանձնաժողովների աշխատանքների մեջ, ցանկացած հարց կարող է քննարկվել և հանձնաժողովներում, և ԱԺ լիագումար նիստերում»։  

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ընդգծեց, որ Արցախի հարցերը բազմաբովանդակ են, և ՀՀ ԱԺ բոլոր հանձնաժողովներն իրենց իրավասության սահմաններում զբաղվում են Արցախի հարցով։ Նրա խոսքով՝ բազում դեպքեր են եղել, երբ հարցը վերաբերել է պետաիրավական կամ տնտեսական հարցերի հանձնաժողովների ոլորտներին, բայց նախագծերն ուղարկվել են այլ հանձնաժողովներ։ 

Վլադիմիր Վարդանյանը հիշատակեց, որ ՀՀ կառավարության ծրագրում, որին ընդդիմությունը դեմ է քվեարկել, արտաքին հարաբերությունների և անվտանգության բաժնում հարցեր կան, որոնք վերաբերում են Արցախի Հանրապետության անվտանգությանը և կարգավիճակի հստակեցմանը։