Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագիծն ավելի շատ միտված էր անցյալին, քան ապագային. Վլադիմիր Վարդանյանը՝ Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու մասին

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Ինչպես նշեց զեկուցող՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, իրենք առաջարկել էին ստեղծել Արցախի հարցով առանձին հանձնաժողով, ինչը մերժվեց, այնուհետև առաջարկել էին վերանվանել արտաքին հարաբերությունների հանձնաժողովը և այն դարձնել Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցով հանձնաժողով, ինչը հանձնաժողովի նիստում դարձյալ մերժվեց:

«Մենք այժմ տարածաշրջանում և Արցախի խնդրի առնչությամբ ունենք նոր իրավիճակ: Մենք պարտավոր ենք շատ ավելի համարձակ խնդիրներ դնել մեր առաջ և գոնե մի ազդակ հաղորդել մեր թշնամիներին»,- նշեց նա՝ ներկայացնելով հիմնավորումները:
Աղվան Վարդանյանն առաջարկեց ևս մեկ անգամ մտածել, որովհետև ձեռնպահ քվեարկելով այս հարցերը չեն լուծվելու:

Ինչպես հայտարարեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ներկայացվող նախագիծը չէր լուծում խնդիրները. «Նախագծում առաջարկվող լուծումների մի մասը վերաբերում էր ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ԱԺ-ների միջև կնքված միջխորհրդարանական համաձայնագրի հիման վրա ստեղծված հանձնաժողովի իրավասությանը, որը նախագահում են ՀՀ և ԱՀ ԱԺ նախագահները: Այս պարագայում այդ իրավասության ոլորտի մի մասը տեղափոխել սոսկ պրոֆիլային հանձնաժողովի ոլորտ՝ սխալ է»:

Նրա խոսքով՝ առաջարկվող գործառույթների մի մասը արդեն իսկ վերապահված են այլ հանձնաժողովներին: «Առաջարկ է եղել ձեռնպահ մնալ Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումից»,- նշեց նա:

Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ նախագիծն ավելի շատ միտված էր անցյալին, քան ապագային: