Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայրենիքի փրկության շարժումն անցնում է պլան C-ի՞ն

Հայրենիքի փրկության շարժումն անցնում է պլան C-ի՞ն
Քաղաքականություն
15:31, 03 март 2021
Որոշ տեղեկություններով՝ Հայրենիքի փրկության շարժումը, տապալվելով Օնիկ Գասպարյանի և գեներալների միջոցով բանակը քաղաքական պրոցեսներում և նախկինների վերադարձի պրոցեսում ներգրավվելու գործում, այժմ էլ մտմտում է անցնել պլան C-ի։ Ըստ այդմ՝ ծրագիրը հետևյալն է․ բախումներ հրահրել ցուցարարների ու ոստիկանների միջև, այն աստիճան սրել իրավիճակը, որ այդ կերպ իրենց համար ճանապարհ բացվի բանակը քաղաքական պրոցեսներում ներգրավվելու համար։ 

Այսօր ոստիկանությունը հաղորդել է, թե տվյալներ են ստացել, որ այսօր ժամը 16.00-ին նախատեսված ՀՓՇ հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Ըստ այդմ՝ կոչ է արել զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների, իսկ քաղաքացիներին հորդորում է լինել իրավահարգ և իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները։

Ոստիկանությունից հավաստիացրել են, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար։

ՀՓՇ անդամ, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը իրենց կողմից հնարավոր սադրանքների առթիվ մեր հարցին ի պատասխան հայտարարեց․ «Եթե ոստիկանությունը իշխանական սադրանքներին նկատի ունի՝ թող կանխի, եթե չէ՝ օդի մեջ հայտարարություններ չանի»։ 
Սակայն հարցին, թե որտեղի՞ց նման տեղեկություն, որ իշխանական սադրանքներ կարող են լինել՝ Մանուկյանը չպատասխանեց։