Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանի համար ոչ միայն Աղդամը հայրենիք չէ, այլև Քարվաճառն ու Բերձորը. Գևորգ Պապոյան

Սերժ Սարգսյանի համար ոչ միայն Աղդամը հայրենիք չէ, այլև  Քարվաճառն ու Բերձորը. Գևորգ Պապոյան
Քաղաքականություն
13:07, 05 октябрь 2021
«Ինչ-որ մեկը այստեղ փորձեց արդարացնել Սերժ Սարգսյանին, բայց դրանից իրականությունը չի փոխվում, որովհետև Սերժ Սարգսյանի համար իրոք Աղդամը իր հայրենիքը չէ, և նա այդ մասին բացահայտ հայտարարել է 2001 թվականին Ազգային ժողովում: Կարծում եմ՝ ոչ միայն Աղդամը, այլև Քարվաճառն ու Բերձորն էլ Սերժ Սարգսյանի հայրենիքը չեն, որովհետև եթե նրա հայրենիքը լիներ, նրա ղեկավարած քաղաքական ուժը ԱԺ-ում 2011 թվականին չէր քվեարկի մի նախագծի օգտին, որով Շուռնուխից այն կողմ համարվում էր Ադրբեջանի Հանրապետություն՝ ուղերձ հղելով Իլհամ Ալիևին, որ դա իրենց համար հայրենիք չէ»,- այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Վերջինիս խոսքով՝ Սերժ Սարգսյանի համար հայրենիք չեն նաև Վարանդան, Ջրականը, Սանասարը. «Որովհետև Սերժ Սարգսյանն ասում էր, որ եթե ինքը մնար վարչապետ, կյանքում Շուշիի ու Հադրութի երեսը չէր տեսնի Ադրբեջանը, նշանակում է Կովսականը, Ջրականը, Բերձորը, Սանասարը, Վարանդան կտեսնեին: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր հայրենիքի այդ հատվածները հենց այնպես տալ: Եթե այս հատվածները ձեզ համար հայրենիք են, ապա հայրենիքը հենց այնպես ոչ մեկին չեն տալիս, իսկ ինքը նշել է, որ պատրաստվում էր այդ տարածքները հանձնել, որպեսզի որոշակի գործընթացներ այդտեղ տեղի ունենային»:

Նա առաջարկեց ոչ թե գալ և այստեղ ինչ-որ մեկի գործողությունները արդարացնել, այլ գնալ և ԵԽԽՎ-ում Հայաստանի շահը ներկայացնել: