Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում ԶԼՄ-ները չեն ազատվում պատասխանատվությունից. Արթուր Հովհաննիսյան

Չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում ԶԼՄ-ները չեն ազատվում պատասխանատվությունից. Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն
14:51, 19 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ: Այժմ քննարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց նախագծի հեղինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, նախագծով առաջարկվում է օրենքում սահմանել նոր հասկացություն, այն է՝ «չնույնականացված աղբյուրներ» հասկացությունը: Նրա խոսքով՝ ստեղծված տեղեկատվական նոր հարթակներն իրենց հետ բերել են նոր ռիսկեր և առաջացրել են վերահսկողական նոր խնդիրներ. «Այդ հարթակները չունեն նույնականացման տվյալներ, հնարավոր չէ պարզել  դրանց տնօրինողը, և հետևաբար հնարավոր չէ նաև պարզել, թե ինչ նպատակով են ստեղծվել: Եվ այսպես առաջարկվում է սահմանել «չնույնականացված աղբյուր»: Տնօրինողի նույնականացման տվյալներն են՝ նրա ֆիզիկական անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, եթե նա լրատվական գործունեությունն իրականացնում է  որպես անհատ ձեռնարկատեր, ապա նաև պետական հաշվառման համարը, իսկ եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական իրավական ձևը, գրանցման համարը»:

Նրա խոսքով՝ չնույնականացված աղբյուրների համար սահմանված այս նույնականացման տվյալները սահմանվել են նաև համացանցում գործունեություն իրականացնող լրատվամիջոցների համար. «Լրատվամիջոցը հղում էր կատարում մի աղբյուրի, որի տնօրինողի մասին մենք պատկերացում չունեինք, և հետո պատասխանատվության կանչելու պրոբլեմ էր առաջանում, և մենք ըստ էության գործ էինք ունենում լրագրողական բարեխղճության հետ»:

Ըստ այդմ՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկությունը տարածելու դեպքում ԶԼՄ-ները չեն ազատվում պատասխանատվությունից: