Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶԼՄ-ների առաջնային պատասխանատվությունն է ստուգել լուրի իսկությունը երկրորդ, երրորդ աղբյուրից և հետո մատուցել հանրությանը. Արթուր Հովհաննիսյանը՝ Լիլիթ Գալստյանին

ԶԼՄ-ների առաջնային պատասխանատվությունն է ստուգել լուրի իսկությունը երկրորդ, երրորդ աղբյուրից և հետո մատուցել հանրությանը. Արթուր Հովհաննիսյանը՝ Լիլիթ Գալստյանին
Քաղաքականություն
15:53, 19 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հրավիրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ: Այժմ քննարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց նախագծի հեղինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, նախագծով առաջարկվում է օրենքում սահմանել նոր հասկացություն, այն է՝ «չնույնականացված աղբյուրներ» հասկացությունը:
Նրա խոսքով՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկությունը տարածելու դեպքում ԶԼՄ-ները չեն ազատվում պատասխանատվությունից:

Ի պատասխան «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկման, թե լրատվամիջոցի գործառույթների մեջ չի մտնում աղբյուրը բացահայտելը, և նրա վրա դրվում է հետախուզական առաքելություն, Արթուր Հովհաննիսյանը նկատեց. «Սխալվում եք, լրատվամիջոցի առաջնային պատասխանատվության տիրույթում է գտնվում լուրի իսկությունը ստուգելը երկրորդ, երրորդ աղբյուրից և հետո մատուցել հանրությանը: Սա լրագրողական ամենաանկյունաքարային պատասխանատվությունն է»:

Նրա խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ շատ լրատվամիջոցներ դրսևորում են անբարեխիղճ վարքագիծ. «Հետևաբար մենք կարծում ենք, որ օրենսդրական մակարդակում խիստ անհրաժեշտություն կա այս փոփոխությունը կատարելու: Եվ մենք կարծում ենք, որ չնույնականացված աղբյուրները պետք է որևէ կերպ սահմանվեն ԶԼՄ-ների մասին օրենքում»:

Արթուր Հովհաննիսյանը անհիմն է համարում Լիլիթ Գալստյանի մեղադրանքը, թե սա օրենքի ազատության սահմանափակում է. «Մենք միտված ենք առողջացնելու լրատվական դաշտը և միտք չունենք սահմանափակելու լրագրողական գործունեությունը, որովհետև մեր քաղաքական գործունեության մեջ չկա մի դրվագ, որը պետք է թաքցված լինի հանրությունից կամ լրագրողներից»: