Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս աննախադեպ դրական բարեփոխումը հանկարծ չստվերվի թեկուզ 1-2 դեպքով. Գլխավոր դատախազը հիշեցրեց գումարի դիմաց թեստ տրամադրելու ԱԱԾ-ի բացահայտած դեպքի մասին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կառավարության հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց մանրամասներ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ:

Պատասխանելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հարցին, թե ովքե՞ր են ատեստավորողները, արդյոք առկա՞ է մարդկային գործոնի միջամտություն, որքանո՞վ են արդյունքները օբյեկտիվ, և կա՞ն արդյոք բողոքարկումներ,ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նկատեց. «Ովքեր չեն ատեստավորողները, դա համակարգ է, թեստային հարցաշար, և սուբյեկտիվ գործոնը հասցված է մինիմումի»:

Ինչ վերաբերում է բողոքարկումներին, նախարարը նշեց, որ մասնակիցների 5 տոկոսը բողոքարկել է. «Բողոքարկումներից մենք կանենք համապատասխան վերլուծություններ: Ես կարծում եմ, որ հարցերի քանակը մի քիչ շատ է, հաջորդ տարի մենք կվերանայենք սա»: 

Գլխավոր դատախազը հիշատակեց ԱԱԾ-ի կողմից բացահայտված մի դեպք, որի ժամանակ գնահատման կենտրոնի աշխատակիցը գումարի դիմաց թեստեր էր տրամադրել. «Այսինքն՝ միշտ էլ մարդկային գործոն կա: Այս աննախադեպ դրական բարեփոխումը վաղը չստվերվի թեկուզ 1-2 դեպքերով»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, նկատեց, որ պրոցեսը կրիտիկական չէ. «Ոչ մի բան չի խանգարում, որ նախ՝ մեր իրավապահ մարմիններն ուղեկցեն, և երկրորդը՝ արդյունքներն ամփոփելիս բողոքարկումները կվերլուծվեն, և անհրաժեշտության դեպքում դատախազությունն էլ թող ներգրավված լինի, մեխանիզմներ առաջարկեն, որպեսզի նման երևույթները բացառվեն: Այդ ռիսկերը միշտ էլ կան, բայց դրանք հաղթահարելու մեխանիզմներն էլ միշտ կան»: