Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2001-ին Քոչարյանն ասում էր՝ «Ինչքան ընդդիմությունը միտինգ անի, այնքան ավելի լկտի է լինելու Ադրբեջանը». այսօր ստացվում է, որ ինքն է գործում՝ Ադրբեջանի շահերից ելնելով

«Ա1+»-ը հրապարակել է 20 տարի առաջվա իրադարձությունների քրոնիկոնը, ըստ որի, 2001 թվականի հոկտեմբերի 24-ին նախատեսած ընդդիմության հանրահավաքը  այն ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարել էր «ջուր՝ Ադրբեջանի ջրաղացին»՝ հավելելով․ «Ինչքան ընդդիմությունը միտինգ անի, այնքան ավելի լկտի է լինելու Ադրբեջանը»։ 

 20 տարի անց՝ նույն օրերին, Ռոբերտ Քոչարյանի ձևավորած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ   պատրաստվում են նոյեմբերի 9-ին, 10-ին, երբ լրանում է 44-օրյա պատերազմի հրադադարի հաստատման մեկ տարին, հակակառավարական հանրահավաքներ անցկացնել հետպատերազմյան երկրում, պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որը, ըստ իրենց, ս.թ. նոյեմբերի 9-ին Մոսկվայում պատրաստվում է Ալիևի ու Պուտինի հետ հանդիպել և ինչ-որ փաստաթուղթ ստորագրել։

 Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է 2001 թվականի ընդդիմության ներկայացուցիչներ՝ ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ռոմիկ Մխիթարյանի և քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։

 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի փայլել քաղաքական անցուդարձերի վերաբերյալ տրված ողջամիտ գնահատականներով։ 

 Քաղաքագետի խոսքով՝ իրականում Ադրբեջանը շատ լավ հաշվարկում է Հայաստանի ներքին իրավիճակը և այս առումով, իհարկե, Ռոբերտ Քոչարյանը նորություն չի ասում, բայց այլ բան է, թե ինչու է 2001 թվականի Ռոբերտ Քոչարյանը և 2021 թվականի Ռոբերտ Քոչարյանը այդքան տարբեր բաներ ասում։

 «Սա ցույց է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանը մշտապես քաղաքականությունը հարմարեցրել է իր սեփական նպատակներին, երբ իշխանությունը պահելու խնդիր է ունեցել, և ինքը գիտակցել է՝ ընդդիմության քայլերը կոշտ միջոցներով կանխելու աննպատակահարմարությունը, առնվազն սկսել է այդպիսի բացատրություններով վարկաբեկել՝ փաստացի նպատակ ունենալով հասնել նրան, որ հասարակությունը ընդդիմության քաղաքական գործունեությունը գնահատի որպես Ադրբեջանի օգտին կատարված գործողություն։ Այդ նույն տրամաբանությամբ՝ այսօր ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ինքն է գործում՝ Ադրբեջանի շահերից ելնելով»։
 
 Քաղաքագետի համար տարակուսելի է, որ ընդդիմությունը ոչ թե նախապես, այլ հենց նոյեմբերի 9-ից հետո է որոշել փողոց դուրս գալ։ «Եթե Ռոբերտ Քոչարյանը որևէ բան գիտի, որ սպառնում է ՀՀ-ին, ապա այդ միտինգը ինքը չպիտի դնի ամսի 9-ին,10-ին, ինքը պիտի ավելի վաղ հանրահավաք անի։ Ամսի 9-ին, 10-ին միտինգ նշանակում  են, որ ի՞նչ անեն, այսինքն, որ հետադարձ գնահատակա՞ն տան։ Սա ցույց է տալիս, որ ազնվության իսպառ բացակայություն կա, և ընդհանուր իր խնդիրն է՝ ընդամենը վերակենդանանալ հունիսի 20-ի տապալումից հետո»,- նշեց Ստյոպա Սաֆարյանը։
 
 ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանի խոսքով՝ այն որ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անում է, որ մեր երկիրը կործանվի, դա փաստ է, նա իր եկած օրվանից այդ քաղաքականությունն է վարել։

 Ինչ վերաբերում է ընդդիմության հանրահավաք անցկացնելուն, ապա Գրիգոր Հարությունյանի կարծիքով՝  դա ոչինչ չի փոխելու։ 

 «Ոչինչ չի փոխվելու, միայն կորոնավիրուսն է շատանալու։ Թող հիմքը ասեն, ո՞վ է ասել, որ վարչապետը փաստաթուղթ է ստորագրելու։ Մինչև հիմա շատ բան են ասեն, էն հոկտեմբերի 12-ի Մոսկվայի հանդիպման համար էլ էին չէ՞ ասում, որ փաստաթուղթ են ստորագրելու, ստորագրեցի՞ն։ Ես չեմ կարող ասել, թե ինչ է լինելու, բայց ես համոզված եմ, որ այդպիսի բան չի կարող լինել, հենց մի անգամ հանդիպում են ու տենց փաստաթուղթ են ստորագրո՞ւմ։ Իրենց նպատակն է, որ էս ժողովրդին գժվացնեն, որ ժողովրդին պանիկայի մեջ գցեն»,-ասաց Գրիգոր Հարությունյանը։
 
 Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանի համար առաջին մեղավորությունն այն է, որ քաղաքական գնահատական չի տրվել նախկինին։ 

 «Քաղաքական գնահատական չեն տվել՝ սրանք Բաղրամյան պողոտա են փակում։ Մեզ ո՞նց ջարդեցին 2004 թվականի ապրիլի 13-ի գիշերը, բայց անօրինական ոչ մի բան չէինք արել, հենց առաջին օրը հավաքվել էինք, մեր գլխին ի՞նչ օյին դրեցին։ Հիմա էլ իրավունքներից են խոսում։ Քոչարյանն ընդհանրապես իրավունք չունի դուրս գա, հլա ինչ-որ բաներ էլ ասի»,-եզրափակեց Գրիգոր Հորությունյանը։
 
 «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ռոմիկ Մխիթարյանն էլ ասաց, որ իրենք այն ժամանակ հանրահավաքներ էինք անում երկրի խնդիրների համար, հանուն մեր երկրի, իսկ այսօրվա ընդդիմության արածը իրենց իշխանության գալու համար է և մեր երկրի դեմ է։ 

 «Այ, իրենք են էսօր մեր թշնամու ջրաղացին ջուր լցնում։ Մենք այն ժամանակ, որ պայքարում էինք՝ պայքարում էինք սպարապետի և մեր երկիրը գլխատողների դեմ, պայքարում էինք սպարապետի մորը արհամարհողների դեմ, որ նախագահականի դիմաց օրերով նստած էր՝ մեր կանանց ու մայրերի հետ։ Այ, դրա դեմ էինք պայքարում, ոչ թե պայքարում էինք ինչ-որ անձնական բաների համար։ Մենք՝ ոչ մեկս, մեր պայքարի մեջ չենք ձգտել մի հատ լավ աթոռի նստենք, որ լավ գռփենք- չռփենք։ Հազիվ էդ գռփող-չռփողներից պրծել է մեր երկիրը»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։  
 
 Ինչ վերաբերում է ընդդիմության՝ նոյեմբերին նախատեսված հանրահավաքներին, Մխիթարյանը համոզված է, որ դրանով նախկինները ոչ թե ինչ- որ բան են ուզում կանխել, այլ ջուրը պղտորել, անընդհատ դեզինֆորմացիա տարածել։ «Մենք այսօր մի հատ խնդիր ունենք՝ համախմբվենք ու մեր երկիրն այս անդունդի եզրից հանենք։ Միակ բանը, որ պիտի անենք, համախմբված, ուս ուսի տված պայքարենք, սարքենք մեր երկիրը, 0-ից երկիր ենք սարքում էլի։ Անձնական ամբիցիաներ, կուսակցական ամբիցիաներ, ամեն ինչ պետք է դրվի մի կողմ՝ երկիր սարքենք, երկիր պահենք»,- եզրափակեց Մխիթարյանը։        
              
Լիլիթ Թադևոսյան