Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը իրենց կյանքով հատուցեցին Մեղրիի միջանցքի համար. 1in.am

Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը իրենց կյանքով հատուցեցին Մեղրիի միջանցքի համար. 1in.am
Քաղաքականություն
10:16, 27 октябрь 2021
«Համոզված եմ՝ իշխանությունները ցանկություն ունեն բացել Հոկտեմբերի 27-ի գործը։Այստեղ այլ հարց է, թե դա ինչքանով արդյունավետ կարող է լինել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հոկտեմբերի 27-ի զոհի իրավահաջորդի ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանը։

Մեր զրուցակիցը նշեց՝  իշխանությունը երկու հարց պետք է լուծի․«Առաջինը՝ դատավորների վեթինգի հարցը։ Տուժողների իրավահաջորդները, նաև ժողովուրդը պետք է վստահ լինեն, որ կունենանք արդար դատաքննություն։ Եվ երկրորդ հարցը նաև աշխարհաքաղաքական է։ Արամ Սարգսյանն էլ էր նշել, որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը իրենց կյանքով հատուցեցին Մեղրիի միջանցք չբացելու համար։ Ռուսաստանում պետք է ժողովրդավարական ուժեր հաստատվեն, որպեսզի մենք կարողանանք արդյունավետ բացահայտումներ ունենալ»։
Հարցին, եթե իշխանությունն իսկապես ցանկություն ունի վերաբացել գործը, ի՞նչն է խանգարում՝ արդյոք Ռուսաստանից վախը, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Կարծում եմ՝ ռուսական  հնարավոր միջամտությունը։ Ռուսները ամեն ինչ կանեն, որ գործի ընթացքն իր իրական հունով չգնա։ Ռուսների կողմից կլինի ներքին միջամտություն, ինչն էլ հետ է պահում մեր իշխանություններին։ Եվ երկրորդ հարցը, ինչպես նշեցի,  դատավորների վեթինգի հարցն է»։

Լյովա Եղիազարյանը նշեց՝ Մեղրի  փոխանակման տարբերակը  ոչ թե Փոլ Գոբլի պլանն  էր, այլ ռուս-թուրքական տանդեմի նախագիծը․«Մենք հիմա Սյունիքի հետ կապված վախ ունենք և մեծ ռիսկերի դիմելը կարող է արդյունավետ չլինի»։
Նշեցինք նաև, թե  կան տեսակետներ, որ Ռուսաստանը չէր կարող շահագրգռված լինել Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանություններով, քանի որ վերջիններս Մոսկվայի հետ շատ լավ հարաբերություններ ունեին։ Մեր դիտարկմանն ի պատասխան Լյովա Եղիազարյանը հիշեցրեց Արամ Սարգսյանի պատասխանը․ «Ա․ Սարգսյանը հստակ պատասխան է տվել։ Ռուսների համար ա Մեղրիի միջանցքի բացու՞մն էր կարևոր, թե՞ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի կյանքը։ Թող նման  բան պնդողները պատասխանեն։ Ես անձամբ կարծում եմ, որ իհարկե, ռուսների համար կարևոր էր իրենց պլանի իրագործումը»։
Շարունակելով մեր զրուցակիցը նշեց․«Վաղարշակ Հարությունյանը 2000 թվականին հեռացվեց աշխատանքից, 2001 թվականին  նա աստիճանով զրկվեց։ Վաղարշակին անձամբ ճանաչելով ասեմ՝ նա ծնվել ու մեծացել է ռուսական ԿԳԲ-ի միջավայրում, հասել մինչև սուզանավերի առաջին աստիճանի կապիտանի կոչման։ Հիմա նրանք «զոհաբերեցին» իրենց անվտանգոթւյան ճանապարհով անցած մարդուն՝ հանուն Մեղրիի միջանցքի բացման, ի՞նչն էր խանգարում զոհաբերել Վազգեն Սարգսյանին։ Նա այո՛, Գրաչովի ու Պուտինի ընկերն էր, լավ հարաբերություններ ուներ Մոսկվայի հետ։ Կարեն Դեմիրճյանն էլ Ռուսաստանի լավ բարեկամն էր, բայց դա ոչ մի նշանակություն չունեցավ Ռուսաստանի համար»։
Լյովա Եղիազարյանը համարում է, որ Մեղրիի միջանցքի բացման հարցն առ այսօր կախված է մեր գլխին․ «Այդ վտանգները կան, բայց ի պատիվ ՀՀ իշխանությունների՝ հանձինս վարչապետի, անընդհատ նշվում է, որ այդպիսի բան գոյություն չունի։ Վարչապետն էլ շատ լավ  գիտակցում է, թե Մեղրին ինչ է նշանակում հայ ժողովրդի համար։ Իհարկե կան վտանգներ, բայց հարցն այն է՝ ինչքանով է հնարավոր դիմադրել։ Դիմադրել են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, հետագայում Քերի Քավանոն հարցնում է՝ Քոչարյանն ասում է, սա գաղտնի պահենք ժողովրդից։ Արամ Սարգսյանն էլ ասում է, որ ժողովուրդը տեղյակ չէ, Քավանոն էլ ասում է՝ բա որ տեղյակ չէ, ո՞նց եք այդ հարցը լուծում։ Արամ Սարգսյանը սա ընդունում է որպես ազդակ, որպեսզի ժողովրդին տեղյակ պահի, թե ինչ է կատարվում իր թիկունքի հետևում։ Հաջորդ օրը Արամ Սարգսյանը գնում է Ագարակ, հավաքում մեղրեցիներին ու բացահայտում, թե ինչ է կատարվում։ Այդ ժամանակ այնտեղ բնակարանների վաճառք էր տեղի ունենում, մարդիկ ուզում էին դուրս գալ։ Նա կասեցնում է այդ վիճակը»։
Եզրափակելով մեր զրուցակիցն ասաց՝ այսօրվա հակապետական ընդդիմությունն ամեն կերպ ժողովրդին վախեցնում է միջանցքի հարցով, բայց վարչապետը քանիցս հայտարարել է, որ նման խնդիր չկա․«Կա ճանապարհի խնդիր։ Դրանք տարբեր բաներ են։ Միջանցքի դեպքում իրենք են վերահսկելու, իսկ ճանապարհի դեպքում՝ միարժեքորեն՝ մենք»,-եզրափակեց նա։