Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էն վատ դասախոսի նման՝ ուզում էիք կտրել Արտակ Մանուկյանին. դեղին մամուլին բնորոշ հարցեր տրվեցին. Վլադիմիր Վարդանյան

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում են հերթական նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնի համար առաջարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը:

«Ցանկացած պատճառ եք ուզում գտնել, վատ դասախոսների նման, որ կտրեք, սակայն նույնիսկ այդ վատ հարցերին, որոնք ընդհանրապես կապ չունեին, Արտակ Մանուկյանը պատասխան գտավ»,- իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նա նկատեց, որ Արտակ Մանուկյանը մշտապես իր անձը ստորադասել է երկրի շահերին և ինստիտուցիոնալ լուծումներ որոնել. «Եվ զարմանալի է, որ այստեղ պարոն Մանուկյանը հանդիպեց դեղին մամուլին նմանվող հարցազրույցի հարցադրումների»:

Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով ընդդիմության պնդումներին, խնդրեց հարգանք դրսևորել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ովքեր գերադասել են մնալ այստեղ և կարտոֆիլ ուտել, որոնք մնացել են մնալ այստեղ և իրենց հաշիվները չեն տեղափոխել օտարերկրյա տարբեր բանկեր. «Այս դահլիճից դուրս գալուց, ձեր շքեղ ավտոմեքենաները նստելուց և ձեր շքեղ առանձնատներն այցելելուց միշտ հիշեք, որ ոչ միայն դուք, այլև այն անձինք, որ նաև ձեր պատճառով ստիպված են եղել միայն կարտոֆիլ ուտել, մնացել են այս երկրում, կերտել են այս երկիրը և կերտելու են այս երկրի ապագան»: