Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է արական սեռի քաղաքացիների անձնագրերը տրամադրել մինչև նրանց 19 տարին լրանալը՝ գործող 18 տարեկանի փոխարեն. Արա Ֆիդանյան

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Այժմ քննարկվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, օրենքի նպատակն է լուծել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները. «Առաջարկվում է մինչև 16 տարեկան և 16 տարին լրացած արական սեռի քաղաքացիների անձնագրերը տրամադրել մինչև նրանց 19 տարին լրանալը՝ գործող 18 տարեկանի փոխարեն: Նախատեսվում է նաև 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիներին ավելի երկար ժամկետով անձնագիր տրամադրել՝ ուսման, բուժման, սպորտային, մշակութային միջոցառումների մասնակցելու նպատակներով»:

Նրա խոսքով՝ եթե շարժվելու, գրելու ունակությունը, հիշողությունը կորցրած կամ բուժհաստատությունում անգիտակից վիճակում գտնվող քաղաքացին հնարավորություն չունենա անձամբ ներկայացնելու դիմում, անձը հաստատող փաստաթուղթ ունենալու նրա իրավունքը կերաշխավորվի:

«Նախատեսվում է անձի ցանկությամբ անձնագրում ծննդավայր պետության փոխարեն նշել մարզը, շրջանը, քաղաք, ավանը կամ գյուղը»,- նշեց Արա Ֆիդանյանը և հավելեց, որ առաջարկվում է հին նմուշի անձնագրերի տրամադրման վերջնաժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ 2022թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով 2022թ. դեկտեմբերի 31-ը: