Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիրները ԱԺ դահլիճ չվերադարձան նույնիսկ սահմանին տեղի ունեցող գործողությունների քննարկման ժամանակ. Անդրանիկ Քոչարյան

«Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է, բայց դա չի նշանակում, որ մենք մեր զգոնությունը պետք է կորցնենք, իսկ զգոնության հետ մենք պետք է մեր վերաբերմունքն արտահայտենք երկրի ներսում: Մենք բոլորս պետք է մեկտեղենք մեր ջանքերը, որպեսզի հակառակորդը որևէ հնարավորություն չունենա իր գործողություններով նաև ներքին լարվածություն առաջացնելու, իսկ դա կբերի միայն մեկ բանի՝ լրացուցիչ կորուստների մեր զինված ուժերում»,- այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Կենտրոն» հետուստաալիքի լրագրողի հարցին:

Նա ընդգծեց. «Մեր խնդիրն է իրականում լինել զինված ուժերի կողքին. ոչ թե բառերով, այլ գործողություններով, մասնակցությամբ»:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նոյեմբերի 16-ի առավոտյան դեռ չէին սկսվել գործողությունները, բայց մեր ընդդիմադիր գործընկերները լքեցին դահլիճը. «Նրանք չվերադարձան նույնիսկ իրենց հրատապ հարցի քննարկման ժամանակ, որը վերաբերում էր սահմանում տեղի ունեցող գործողություններին և մեր արտաքին ու ներքին քայլերին, որն անհրաժեշտ էր մեր զինված գործողություններին ավելի ներդաշնակ մասնակցություն ապահովելու համար: Պետք է լինել ազնիվ ու անկեղծ. երբ ասում ենք՝ պետք է լինենք բանակի կողքին, ուրեմն պետք է լինենք այդ նույն բանակի կողքին»: