Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խոսքը 0-ական կետի մասին է, և ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը. Անդրանիկ Քոչարյանը՝ ՌԴ ՊՆ-ից ստացված սահմանազատման աշխատանքների առաջարկի մասին

«Բնականաբար, տեղեկացված եմ: Խոսքը 0-ական կետի մասին է, և Հայաստանի Հանրապետությունը տվել է իր համաձայնությունը այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար»,- այսօր՝ նոյեմբերի 19-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Ազգ» թերթի լրագրողի այն հարցին, թե սահմանազատման ինչ առաջարկներ են ստացվել ՌԴ ՊՆ-ից:

ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն էլ հավելեց, որ մեր կողմից համաձայնության մասին ծանուցվել է նաև Ռուսաստանի Դաշնությանը. «Եվ այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին»: