Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնայիք պարոն Մելքոնյանի մոտ, ասեիք՝ գեներալ, ինձ մի տեղ տուր, գոնե խրամատ փորեմ. Անդրանիկ Քոչարյանը՝ Ղազինյանին

Գնայիք պարոն Մելքոնյանի մոտ, ասեիք՝ գեներալ, ինձ մի տեղ տուր, գոնե խրամատ փորեմ. Անդրանիկ Քոչարյանը՝ Ղազինյանին
Քաղաքականություն
15:21, 31 август 2021
«Պարոն Ղազինյան, դուք որտեղ եք եղել 44-օրյա պատերազմի ժամանակ»,- Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանին հարցրեց հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Նա թեկնածուից հետաքրքրվեց նաև, թե նրա կարծիքով՝ եթե չստորագրվեր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա ինչպիսին կլինեին դրա հետևանքները:

Ի պատասխան Արթուր Ղազինյանն ասաց, որ իրեն զինկոմիսարիատից չեն կանչել, ինչին արձագանքելով՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Գնայիք պարոն Մելքոնյանի մոտ, ասեիք՝ գեներալ, ինձ մի տեղ տուր, գոնե խրամատ փորեմ»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ հավելեց. «Այս պահին էլ հայ զինվորի վրա կրակում են, ո՞ւր է «բանակի կողքին լինելու» ձեր այդ լոզունգը: Դուք եղել եք ոչ թե բանակի կողքին, այլ զինված հեղաշրջման նախապատրաստման հետևում: Դա այս երկրի հիմքերը կքայքայեր. մի անգամ նման բան լիներ, վերջ, դա արդեն կդառնար նախադեպ»: 

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 31-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում էր հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: