Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մխիթար Մաթևոսյանը աշխատող, համեստ մարդ է. իր կատարած աշխատանքների մասին այնքան չի բարձրաձայնել, որ դրանք ուրիշները վերագրել են իրենց». թիմակիցները՝ Վայքի համայնքապետի ՔՊ թեկնածուի մասին․ Տեսանյութ

Վայք խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Մխիթար Մաթևոսյանը, ով շուրջ երկու ամիս է, ինչ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է։ 
Մխիթար Մաթևոսյանը գործարար է, ով երբեք չի եղել քաղաքական գործընթացներում և ներգրավվել է ընտրական պրոցեսում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջարկություն ստանալուց հետո միայն։

Մխիթար Մաթևոսյանը մինչև քաղաքական գործընթացներում ներգրավվելը իր անձնական միջոցներով իր համայնքի համար բազմաթիվ աշխատանքներ է իրականացրել Վայքում և հարակից գյուղերում։ Մասնավորապես, 2017 թվականին, վերանորոգել է հայրենի Զառիթափ գյուղում գտնվող մատուռը, 44-օրյա պատերազմից հետո օժանդակել է զինվորական պանթեոնի կառուցմանը, նորոգել է ջրագծեր, մանկապարտեզներն ապահովել է գույքով, այժմ էլ իր միջոցներով վերանորոգվում է Վայքի մշակույթի տան բեմահարթակը։ 

Համլետ Ղարիբյանը, ով Մխիթար Մաթևոսյանի համագյուղացին է, ներկայացնելով սրբավայրում կատարված աշխատանքները՝ նշեց նաև, որ իրենց ընտանիքից 6 հոգով մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին, որդին և եղբոր որդին, ցավոք, զոհվել են, եղբոր մյուս որդին վիրավորում է ստացել։ Ինքը՝ Համլետ Ղարիբյանը, նաև Արցախյան առաջին պատերազմի մասնակից է։

Զոհված զինծառայողի հայրը մեզ հրավիրեց ցույց տալու աշխատանքները, որ իրականացվում են պանթեոնում։

Պանթեոնում շինաշխատանքներն իրականացնում են հիմնականում զոհվածների հարազատները՝ հողային աշխատանքներ, պատ շարել, իսկ շիրիմները կառուցվել են միանման՝ հարազատների միջոցներով։ 

Զառիթափի մանկապարտեզի տնօրենը, ով նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վայքի համամասնական ցուցակի երրորդ  տեղում է, ներկայացրեց մանկապարտեզի խնդիրները և աշխատանքները, որոնք արդեն իսկ արվել են։

Գոմք գյուղում էլ Կառավարությունը նոր դպրոց է կառուցում։ Գումարը ամբողջությամբ հատկացրել է Կառավարությունը։ Դպրոցը նախատեսված է մինչև 100 երեխայի համար։ Այժմ գործող դպրոցում, որը վթարային է, սովորում է 35 աշակերտ։ Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ դպրոցը ունենալու մարզադաշտ, հանդիսությունների դահլիճ։ Տեղադրվելու է նաև արևային կայան։ Դպրոցն ունենալու է նաև փոքրիկ ջերմոց, ինչը կապահովի երեխաների սնունդը։  

Վայքի թիվ 3 մանկապարտեզում, որտեղ իր համեստ ներդրումը կրկին ունեցել է Մխիթար Մաթևոսյանը, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ։ Վերջին անգամ այն վերանորոգվել է 2003 թվականին՝ մասնակի։ Այժմ էլ առաջնային խնդիրը տանիքի նորոգումն է։

Մանկապարտեզին օգնել են նաև երեխաների ծնողները և ծնունդով Վայքից, այժմ արտերկրում ապրող բարերարները։

Այժմ էլ, ինչպես արդեն ասացինք, նորոգվում է մշակույթի տան բեմահարթակը, որի շինարարական աշխատանքների ծախսերն իր վրա է վերցրել Մխիթար Մաթևոսյանը։

Մխիթար Մաթևոսյանը նշեց, որ Վայքում մթնոլորտը նախընտրական է, մարդիկ կմասնակցեն ընտրություններին և կկատարեն իրենց ընտրությունը։

Օնլայն հարթակներում լուրեր էին տարածվում, թե Մխիթար Մաթևոսյանը, տարիներ առաջ որպես շինարար աշխատելով համայնքի բնակիչներից մեկի տանը, առնչություն է ունեցել շինանյութի գողության կամ կորստի հետ։ Տան սեփականատերը, ում տանից ենթադրաբար անհետացել է շինանյութը, աբսուրդային որակեց տարածված լուրերը։

Մանկավարժ Աննա Կոստանյանը ևս Վայքի ՏԻՄ ընտրություններում առաջադրված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով։ Տիկին Կոստանյանը նշեց, որ երկար տարիներ եղել է քաղաքական պրոցեսներում, սակայն երբեք որևէ կուսակցության անդամ չի եղել։ Առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով, որովհետև տեսել է այն աշխատանքները, որոնք արվել են, և որոնց կատարման համար երկար տարիներ պայքարել է։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան